
Մոսկվան չի պատասխանել Վաշինգտոնի առաջարկներին․ ի՞նչ պատասխան է եղել

Ռուսաստանը դեռ պատասխան չի փոխանցել ԱՄՆ-ին անվտանգության երաշխիքների հարցով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Մոսկվան պատասխանել է Վաշինգտոնից փոխանցված առաջարկներին, սակայն հանրային տարածքում բանակցություններ վարելը անարդյունավետ է, ուստի մանրամասները դեռ չեն հրապարակվի։
Ռուսաստանը դեռ պատրաստում է պատասխան ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, գործակալության հետ զրույցում հավելել է դիվանագիտական բարձրաստիճան աղբյուրը։ Նա հաստատել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուղերձ է հղել արևմտյան գործընկերներին, մասնավորապես՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, սակայն խոսքը վերաբերում է անվտանգության անբաժանելիության սկզբունքի ըմբռնմանը, սա դեռ պատասխան չէ որպես այդպիսին։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են Ուկրաինա «ներխուժում» կազմակերպելու մեջ և ուժեղացնում են իրենց ներկայությունը Արևելյան Եվրոպայում։ Ռուսաստանում մերժում են բոլոր պնդումները՝ ընդգծելով, որ զորքեր են տեղափոխում իրենց տարածքների ներսում։