
Արցախում զորակոչ լինելու է. Բեգլարյան

Արցախի Հանրապետությունում զորակոչ չիրականացնելու մասին որևէ քննարկում, առավելևս որոշում չկա։ Այս մասին 2021–ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Այս պահին ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցնելու որոշում չկա։ Ինչպես նախկինում, հիմա էլ ԱՀ-ում զորակոչ լինելու է։ Երբ նմանատիպ որոշում լինի, այդ մասին կհայտարարվի»,- ասաց նա։
Բեգլարյանը նշեց, որ ոստիկանական զորքերն ընդգրկվելու են ներքին անվտանգության, ըստ անհրաժեշտության` նաև արտաքին անվտանգության պաշտպանության գործընթացներում։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անուղղակիորեն հաստատել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ Արցախի զինված ուժերն այսուհետ կձևավորվեն պայմանագրային հիմունքներով:
Պաշտոնյան այդպիսով հերքել էր բանակի լուծարման մասին լուրերը՝ հավելելով, որ խոսքը վերակազմավորման մասին է։