Ղազախստանում ձերբակալել են Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահին

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ազգային անվտանգության կոմիտեին:

Հունվարի 6-ին Ազգային անվտանգության կոմիտեն պետական դավաճանության փաստի առթիվ մինչդատական հետաքննություն է սկսել Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով:

«Նույն օրը տվյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և ժամանակավոր պահման մեկուսարան են տեղափոխվել ԱԱԿ նախկին նախագահ Կ.Կ. Մասիմովն ու այլ անձինք», - նշված է հաղորդագրության մեջ:

Երեկ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին խորհրդական Երմուխամետ Երտիսբաևը հայտարարել էր, որ երկրում ճգնաժամի պատճառներից մեկը որոշ բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահների դավաճանությունն է: Նա կատարվածը որակել էր որպես պետական հեղաշրջման և զինված ապստամբության փորձ և ասել` կատարվածի ծավալներից կարելի է հասկանալ, որ առանց իշխանության վերին էշելոնի դավաճանների նման բան հնարավոր չէր իրականացնել։

Նշենք, որ Քասիմ Մասիմովը Ղազախստանի վարչապետն է եղել 2007-2012 թվականներին, իսկ 2012-2014 թվականներին ղեկավարել է նախագահի աշխատակազմը։ 2014 թվականի ապրիլից կրկին գլխավորել է կառավարությունը և այդ պաշտոնը պահպանել 2015 թվականի ապրիլի 26-ին կայացած նախագահական արտահերթ ընտրություններից հետո:

2016 թվականի սեպտեմբերի 8-ին նշանակվել է Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ։

Այս տարվա հունվարի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նրան ազատել է պաշտոնից։

Քաղաքականություն

Պատահարներ