Բնակչության 70 տոկոսը խոր աղքատության կամ աղքատության շեմին են. ըստ տնտեսագետի` սոցիալական վիճակը կարող է ավելի վատթարանալ

Գնաճը կշարունակվի մինչև այս տարվա գարուն, և ավելացված կենսաթոշակը զուտ գնաճի պայմաններում որոշակի կոմպենսացիա կլինի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

 

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բարձրացել է նվազագույն կենսաթոշակի չափը։ Նախկին 26 500 դրամի փոխարեն այժմ այն կազմում է 28 600 դրամ։

Տնտեսագետը նշում է, որ նվազագույն կենսաթոշակի 2000 դրամ ավելացումը չնչին դրական նշանակություն կունենա, սակայն ցածր թոշակ ստացողների թիվն ընդհանուր թոշակառուների մեջ այդքան էլ մեծ չէ։

 

«Եթե հաշվի առնենք, որ անձը մենակ է ապրում, չունի ընտանիք, օգնողներ, նշանակում է՝ դա այն հատվածն է, որ խոր աղքատության շեմին է։ Այսինքն` նրանք շարունակելու են մնալ խոր աղքատության շեմի մեջ և այս ավելացումից էական բան չի փոխվի»,-նշեց Գագիկ Մակարյանը։

Վերջինս հավելեց՝ լավ կլիներ, որ միանգամից կենսաթոշակի նշանակալի բարձրացում լիներ, եթե պետությունն այդ հնարավորությունն ունենար։ Տնտեսագետը կարծում է, որ պետությունն այդ հնարավորությունն ունի, պարզապես պետք է ավելի օպտիմալացնի իր ծախսերը և կարողանա դա անել։

«Առաջիկա տարիների ընթացքում այդ ավելացումներն էական նշանակություն չեն ունենա, որովհետև համարյա գնաճին զուգահեռ կլինեն և էականորեն չեն բարելավի մարդկանց կյանքը։ Եթե էլեկտրաէներգիայի դիմաց վճարող ընտանիքների ցուցակը նայենք, կտեսնենք, որ մինչև 200 կՎտ հոսանք օգտագործողները մոտ 70 հազար ընտանիք են, այսինքն՝ ընտանիքների 25 տոկոսը։ Նրանք ամենաաղքատ ընտանիքներն են, քանի որ ամենախնայողական ռեժիմով են օգտագործում էլեկտրաէներգիան։

Եվս 330 հազար ընտանիք օգտագործում է 200-ից մինչև 400 կՎտ»,-ասաց Գագիկ Մակարյանը։

Տնտեսագետը նշում է, որ սոցիալական ծրագրերի համար այս տարվա բյուջեով նախատեսված գումարներն ավելի նվազեցված են նախորդ ժամանակների համեմատ։

 

Գագիկ Մակարյանը կարծում է, որ եթե այս տարի տնտեսական լուրջ առաջընթաց չլինի, ապա սոցիալական առումով որևէ հաջողություն չի արձանագրվի։

«Կունենանք համարյա նույն մակարդակը, որովհետև մեզ մոտ աղքատությունը 30 տոկոս և ավելի է, գործազրկությունն էլ 20 տոկոս։ Կարծում եմ՝ այսպիսի դինամիկայի պայմաններում սոցիալական վիճակը նույնիսկ կարող է մի փոքր ավելի վատթարանալ։ Տնտեսությունը պետք է ակտիվանա, անպայման երկնիշ տնտեսական աճ պետք է ունենանք։ Կառավարությունն այնպիսի ճյուղերը պետք է գերակա ճանաչի, որոնց զարգացման պարագայում աշխատատեղեր կբացվեն»,-նշում է տնտեսագետը՝ հավելելով, որ ամենակարևոր խնդիրը լինելու է կառավարման համակարգը։

Գագիկ Մակարյանի խոսքով այսօր մեր ամենամեծ խնդիրը գտնվում է կառավարման համակարգի մեջ։ Նրա խոսքով փոխնախարարները, վարչության պետերը, նախարարները գիտելիքներով բավական թույլ են, փորձ չունեն, իսկ կադրային փոփոխություններն էլ հաճախակի են, ինչի հետևանքով ինստիտուցիոնալ հիշողությունն անընդհատ խզվում է։

 

Տնտեսագետը նշում է, որ չնայած 2020թ.-ի համեմատ տնտեսությունն ակտիվացել է, բայց 2019թ.-ի ցուցանիշներին դեռ զիջում է։

«Բոլոր դեպքերում տնտեսության այդ ճյուղերի զարգացումից բացի նաև պետք է փորձենք այնպես անել, որ ամբողջ պետբյուջեի և ներքին ռեսուրսները լավ օգտագործվեն»,-ամփոփեց Գագիկ Մակարյանը։

Քաղաքականություն