Գերությունից վերադարձած զինվորը առողջական մի շարք խնդիրներով նորից զորակոչվել է

Ամռանը գերությունից վերադարձած Նարեկ Սիրունյանը առողջական ու հոգեբանական մի շարք խնդիրներով նորից զորակոչվել է: Փաստացի նա մարմնի հինգ հատվածներում վիրավորում ունի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

 

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

 «Ըստ ՀՔԱՎ դիմած հոր խոսքերի, բացի նրանից, որ հոգեպես դեռևս չի վերականգնվել, նա նաև չի կարողանում երկար ժամանակ կանգնած մնալ, չի կարողանում ազատ շարժել ձեռքերը»:

 

Չնայած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրությունից հետո Ն․ Սիրունյանին հետազոտության են ենթարկել, բայց առողջական որևէ խնդիր չեն լուծել,  կրկին տեղափոխել են զորամաս, և շարունակում է զինծառայության մեջ գտնվել չլուծված առողջական խնդիրներով հանդերձ։

 

Նշենք` Նարեկ Սիրունյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսին, մասնակցել սեպտեմբերին սկսված պատերազմին և բազմաթիվ վիրավորումներով գերեվարվել է նոյեմբերի վերջին։ Գերությունից վերադարձել է 2021 թ․ հունիսին, և  դեկտեմբերին կրկին զորակոչել են։

Հոր ահազանգից հետո ՀՔԱՎ-ը 2021 թ․ դեկտեմբերի 12-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ն․ Սիրունյանի ֆիզիկական և հոգեբանական արդյունավետ վերականգնումն ապահովելու հարցով։ ՀՔԱՎ-ը նաև տեղեկություններ է հայցել այն մասին, թե մինչ այդ պահը` ինչ բուժում և հոգեբանական աջակցություն է ստացել նախկին զինծառայողը։

ՊՆ-ից հայտնել են, որ մինչ կրկին զորակոչվելը՝ նա անցել է հոգեթերապիա, ապա ստացել 15-օրյա արձակուրդ, և պնդել են, որ զինծառայության մեջ էլ նա գտնվում է սպա-հոգեբանի հսկողության տակ։ Ինչ վերաբերում է ֆիզիկական առողջությանը՝ ՊՆ-ից հայտնել են, որ այդ մասով հետազոտությունների արդյունքում ստացիոնար բուժման անհրաժեշտություն չեն տեսել։

Այս պատասխանն ստանալուց հետո ՀՔԱՎ-ը երկրորդ անգամ է դիմել Պաշտպանության նախարարին, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Քաղաքականություն