Սոցցանցերում անծանոթներին մի տվեք ձեր ծածկագրերը և անձնական տվյալները, որ թակարդը չընկնեք. հայտարարություն

Հայաստանում սոցիալական ցանցերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ են կատարվել և ավելի քան 40 անձ հանցագործության զոհ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Դատախազության հաղորդագրության համաձայն` դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչութունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

 

Դատախազական հսկողության ներքո կատարված քննությամբ պարզվել է, որ Վ. Ք.-ն 2020թ. մարտի 15-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով ստեղծել է «Ի դրամ» էլեկտրոնային դրամապանակներ:

Այնուհետև 40 անձի անվամբ լրացված հաշիվները նույնականացրել է՝ տալով դրանց «Պրեմիում պլյուս» կարգավիճակ: Այդ հաշիվներով անձը բանկում առցանց ձևակերպել է ընդհանուր 41 հատ «Ռոքեթ» տեսակի վարկային պայմանագիր և համակարգչի օգտագործմամբ հափշտակել նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով գումար` ընդհանուր շուրջ 25.4մլն ՀՀ դրամ։

Այդ գումարը նա փոխանցել է 3 բուքմեյքերական ընկերության կայքերում իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:

Բացի այդ, նույն անձը 2021թ. հունվարի 4-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով մարդկանց խաբել ու գումար է հափշտակել նաև Facebook սոցիալական կայքում ստեղծած տարբեր անվանումներով օգտահաշիվների միջոցով։

 

 

Ունենալով բազմաթիվ անձանց էլեկտրոնային դրամապանակների տվյալները, նա փոփոխել է դրամապանակներին կցված բջջային հեռախոսահամարները ու դրանց կցել իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող հեռախոսահամարներ։

Այս դեպքում նույնպես նա էլեկտրոնային դրամապանակների միջոցով, առցանց եղանակով, ձևակերպել է վարկեր և համակարգչի օգնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 13.5 մլն ՀՀ դրամ գումար։ Դրանք ևս փոխանցել է բուքմեյքերական կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին:

 

Նույն անձը 2020թ. հուլիսին «ok.ru» սոցիալական կայքում «սոցիալական ապահովության աշխատակից» անվամբ էջից նամակներ է ուղարկել նույն կայքում գրանցված մի քաղաքացու և «Covid-19» համաճարակի «օգնության ծրագրի շրջանակներում» օգնություն տրամադրելու պատրվակով գրեթե նույն մեխանիզմով հափշտակել նրա «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակին մուտքագրված զգալի չափերով գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 22-ին Վ.Ք.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվելլ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի ( Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 1-ին մասով` երեք դրվագով, 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( Խոշոր չափերով հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ)երկու դրվագով, 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) երկու դրվագ), և 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) (32 դրվագ):

 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2022թ. հունվարի 4-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը քննելու համար ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ՀՀ դատախազությունը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց:

Քաղաքականություն

Պատահարներ