
ՆՈՐ ԱՀԱԶԱՆԳԵՐ. Քաղաքացիներին իրենց հասանելիք դեղերը չեն տալիս` պահանջելով պատվաստվել

Դեկտեմբերի 27-ին գրել էինք, որ Աշտարակ քաղաքի պոլիկլինիկայի բուժաշխատողները անցած շաբաթվանից հաշմանդամություն ունեցող կամ պարզապես կանոնավոր դեղորայք ընդունող բնակիչներին չեն տրամադրում պետության կողմից կենտրոնացված կարգով գնվող ու անվճար հատկացվող դեղերը, նշելով, որ Արագածոտնի մարզի մարզպետարանից հանձնարարական կա` չհատկացնել դեղերը, քանի դեռ քաղաքացիները պատվաստված չեն:
«Բառացի ինձ ասացին` կնիքը գլխավորի սենյակում է, մինչև չպատվաստվեք, չեք կարող ստանալ»,- այս մասին ասել էր ահազանգած Աշտարակի բնակիչներից մեկն ու նշել, որ պետության կողմից անվճար հատկացվող շաքարային դիաբետի դեղերը ստանալու համար ստիպված պատվաստվել են:
Խնդրից տուժած մյուս քաղաքացին էլ ասաց` իրենք դեղերը չեն ստացել, բայց չեն պատրաստվում պատվաստվել:
Մեր հրապարակած հեդվածի ներքո շարունակում ենք ահազանգեր ստանալ տարբեր մարզերից ու բնակավայրերից: Քաղաքացիներն ահազանգում են, որ նույն խնդիրն առկա է նաև Ստեփանավանում և Գավառում:
Auroranews.am-ը կապ հաստատեց թե Ստեփանավանի, թե Գավառի պոլիկլինիկաների հետ: Ստեփանավանի պոլիկլինիկայի փոխտնօրեն Գրիգորյան Ռուզաննան հաստատում է` ներքին հանձնարարական ունեն, իսկ նպատակը դիաբետիկներին պատվաստելն է, քանի որ վերջիններս համարվում են կորոնավիրուսային համավարակի ռիսկային խումբ: Գավառի պոլիկլինիկայի տնօրեն Պարույր Կուռոյանը զարմացավ հարցադրումը լսելիս ու շտապեց պատասխանել` ինքը ոչ մի հրաման չի ստացել ու չի տվել իր ենթականերին: Նա իր խոսքում ասաց` եթե անգամ ստանար նման հանձնարարական չէր կատարի, քանի որ դա անօրինական է ու վտանգի տակ է դնում հիվանդների առողջությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Աշտարակ քաղաքի պոլիկլինիկայի վարիչ Կարինե Մինասյանը ևս հաստատել էր` մարզպետարանից հանձնարարական ունեն, չեն տալիս դեղերը, քանի դեռ հիվանդը չի ներկայացնում պատվաստման սերտիֆիկատը:
«Բոլորն էլ խելոք գնում պատվաստվում են, իսկ ով որ իրոք խնդիրներ ունի նա չի պատվաստվում, բայց դեղերը ստանում են: Վարակի դեմ միայն պատվաստումով կարող ենք պայքարել»:
Auroranews.am-ը կապ հաստատեց նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար
Սոնա Հարությունյանի հետ: Խոսնակը պնդեց, որ նման հանձնարարական կամ հրաման նախարարությունը մարզպետարաններին չի տվել: Հարությունյանը ըտնդունեց` բնակիչներին դեղորայք չտրամադրելնանընդունելի է:
«Նախարարությունը կուսումնասիրի խնդիրը, կապ կհաստատի մարզպետարանների հետ: Այո, պատվաստման գործընթացը շատ կարևոր է, սակայն մարդկանց դեղեր չտրամադրելն ու այդկերպ ստիպել պատվաստվել` անընդունելի է»,- ասաց ՏԿԵ նախարարի խոսնակը:
Ստացվում է մարզպետարաններից է հանձնարարական իջեցվում ու խնդիրը համակարգային է, քանի որ միայն մեկ մարզպետարանի հետ չի խնդիրը: Ճիշտ է նախարարությունը պնդում է, որ տեղյակ չէ մարզպետարանների որդեգրած քաղաքականության մասին, այնուամենայնիվ հարց է առաջանում` կզբաղվեի՞ն մարզպետարանները ինքնագործունեությամբ` չհամաձայնեցնելով իրենց գործողությունները նախարարության հետ:
Auroranews.am-ը հետևողական է լինելու, որ պատասխանատվությունը չբարդվի հանձնարարական կատարող բուժաշխատողներիի, տվյալ դեպքում` պոլիկլինիկայի վարիչ կամ մեկ այլ ենթակա բուժաշխատողնի վրա, որոնք հետևել են մարզպետարանից իջեցված հանձնարարականին ու այդ մասին մեզ հետ զրույցի ընթացքում, ինչպես նաև բնակիչներին պարզ կերպով ասել այդ մասին, իսկ գերատեսչությունների աշխատակիցները մեկ խուսափումեն պատասխանել ու շրջանցում են հարցը, մեկ կտրականապես հերքում: