
Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մասին քրգործը կարճվել է. Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և մյուսների նկատմամբ հետապնդումը` դադարեցվել

Ինչպես արդեն հայտնել էինք` ԱԱԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործը: Խոսքն այն քրեական գործի մասին է, թե իբր նա նախապատրաստել էր ՀՀ վարչապետի սպանությունը: ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին և ՀՅԴ գործիչ Աշոտ Ավագյանին, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ գործը կարճվել է, նրանց նկատմամբ հետապնդումները դադարեցվել։
Փաստինֆոն գրում է.
«Գործի անհեթեթ լինելու հանգամանքը արձանագրելու համար ԱԱԾ-ին պահանջվեց ավելի քան մեկ տարի, երբ դատարաններն ընդամենը հաշված ժամերի ընթացքում էին հասկացել, որ մեղադրանքն արհեստածին է։ Դատարանների կողմից կալանավորման միջնորդությունները մերժելը բավականին «էմոցիոնալ» ընդունվեց գործող իշխանությունների կողմից, անգամ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժած դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվեց կարգապահական վարույթ, որը հետագայում կարճվեց հենց ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ մինչև ԲԴԽ հասնելը, իսկ Աշոտ Մինասյանը անգամ մեկ տարի անց կալանավորվեց՝ դատախազաքննչական մարմինների «դակիչ» դատավորի ջանքերով»։
Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ միջնորդություն է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով ևս Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ նույնիսկ սպանության և իշխանության յուրացման դրվագներով գործի վարույթի կարճման պայմաններում Մինասյանը շարունակում է մնալ կալանավորված՝ Միհրան Պողոսյանն ընդգծեց՝ դա իրավաբանության և մարդասիրության սկզբունքի հետ ընդհանրապես կապ չունի։
«Եթե մի պահ վերանանք գործի փաստական տվյալներից, այս պահին ունենք 62-ամյա անձ՝ առողջական լուրջ խնդիրներով, որը կալանավորված է միջին ծանրության հանցանք կատարելու կասկածանքով։ Թողնենք մի կողմ՝ վաղը դատարանում ինչ կապացուցվի, մեր իրավական պրակտիկայում հազարավոր են նմանատիպ դեպքերը, երբ անձանց նկատմամբ ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոց է ընտրված, առավել ևս՝ կան մի շարք դեպքեր, երբ ընդհանրապես խափանման միջոց ընտրված չէ»,- նշեց Պողոսյանը, որի գնահատմամբ՝ այս պարագայում Աշոտ Մինասյանին կալանքի տակ պահելը իրավական չէ, քաղաքական իշխանության քմահաճույքներից մեկն է։
Պաշտպանը տեղեկացրեց, որ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության պատասխանը ստանալուց հետո պաշտպանության կողմը կօգտվի նաև դատախազության կողմից՝ խափանման միջոցի փոփոխման հնարավորությունից. «Կարծում եմ՝ դատախազությունն այս պայմաններում արդեն ողջամտություն կցուցաբերի և կփոխի Աշոտ Մինասյանի խափանման միջոցը»։
Հարցին՝ այս մեկ տարվա ընթացքում, ի վերջո, ինչ գործողություններ են եղել գործով, թե պարզապես «քնեցված» վիճակում է մնացել և կարճվել միայն մեկ տարի անց՝ փաստաբանը պատասխանեց՝ նշելով, որ այժմ դժվար է գնահատական տալը, քանի որ իրենց տրամադրության տակ չունեն վարչապետի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման գործերի ամբողջ ծավալը, քանի որ այդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել և գործից անջատվել է միայն Աշոտ Մինասյանի՝ զենքի մեղսագրված դրվագը։ Այդ դրվագով փաստաբանին հասանելի գործի նյութերից երևում է, որ հարցաքննությունների բովանդակությունը, էությունը խոսում է այն մասին, որ ստանդարտ, ոչ հրատապություն դրսևորող քննություն է իրականացվել, արտառոց ոչինչ չկա։
Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ ի սկզբանե պնդում էին՝ Աշոտ Մինասյանի մեղքը հիմնավորող ապացույց ընդհանրապես օբյեկտիվ իրականությունում չի կարող լինել։
«Ի վերջո եկանք այն հանգրվանին, որ ծանր հանցակազմերը, որոնք մեղսագրվում էին Աշոտ Մինասյանին՝ կոնկրետ ժամանակահատվածում քաղաքական իշխանության այլ խնդիրներ լուծելու համար էր մեղսագրված՝ 2020թ նոյեմբերյան իրադարձություններից հետո» ,- ընդգծեց փաստաբանը։
Պողոսյանի գնահատմամբ՝ քրեական գործը մեր հասարակական հարաբերությունների շատ ասպեկտների վրա է անդրադարձ ունեցել՝ անվտանգության միջոցառումների խիստ ուժեղացում, դատական համակարգի հետ կապված հարձակման սկիզբն էր հանդիսացել Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշումը։
«Այդ խնդիրները քաղաքական իշխանությունը լուծեց և քրեական հետապնդումն այդ մասով դադարեցրեց»,- եզրափակեց փաստաբանը։