
Փաշինյանի հայտարարությունները վնաս են հասցնում պետությանը. «Իմ քայլի» նախկին պատգամավոր

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ականներ են Արցախի շուրջ բանակցությունների տակ: Այդ հայտարարությունները մեծապես վնասում են ապագա բանակցային գործընթացին, եթե Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանում բանակցել, պարզապես կարող է լռել միառժամանակ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ աղմկահարույց հայտարարություններին:
Ըստ զրուցակցի՝ Նիկոլ Փաշինյանն իրեն այլևս անկարող է զգում բանակցային գործընթացի շրջանակներում,ուստի ինքն իրեն արդարացնելու համար նման հայտարարություններ է անում.
«Ցանկացած գործողության մեջ պետք է լինեն կարմիր գծեր, պետք է լինի պետականության և պետության շահի գիտակցում, անձնական շահերը չպետք է որևէ կերպ վերադասվեն պետական շահին, իսկ մենք հիմա դրա ականատեսն ենք լինում: Այն հայտարարությունները, որոնք Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց, դրանք ընդամենը իր ինտերպրիտացիաներն են բանակցային գործընթացի, ի վերջո, բանակցային գործընթացը, ոչ ամբողջությամբ, բայց հասանելի եղել է »,-ասաց Հայրապետյանը և նկատեց, որ Փաշինյանի հայտարարությունները միևնույն ժամանակ ծառայեցվում են ադրբեջանական քարոզչամեքենայի նպատակների իրագործման համար.
«Ավելին՝ նա այնպիսի թեզեր է առաջ բերում, որ նույնիսկ ադրբեջանական քարոզչամեքենան նախկինում նման թեզ առաջ չի մղվել։ Այն է՝ երբ ասում էր՝ իսկ ո՞վ էր բացառում, որ մի օր էլ ադրբեջանցիները ԼՂԻՄ-ից կուզեն ինքնորոշվել, նման թեզ անգամ ադրբեջանական քարոզչամեքենան առաջ չի մղել»,-ասաց զրուցակիցը:
Փորձագետը նաև ընդգծեց, որ այս հայտարարությունները դիտարկում է Նիկոլ Փաշինյանի՝ անհասկանալի համառության շրջանակներում, որով նա փորձում է արդարանալ և այդ ճանապարհին հարցականի տակ է դնում Արցախի ներկան և ապագան.
«Դեռ այն ժամանակ, երբ մեկնարկում էր բանակցային գործընթացը, նշվում էր, որ Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի հարցը պետք է դառնա բանակցությունների մաս, իրատես պետք է լինենք, այս հարցը վաղը կամ մյուս օրը չի լուծվելու, բայց նույն ձևով Ալիևը 30 տարի բանակցում էր՝ փորձելով իր համար շահեկան ձևակերպումներ ստանալ: Այսինքն՝ պետք է մի քանի տարբերակներ ունենալ, ինչպես կարող ես խաչ քաշել գործընթացի վրա և նմանատիպ հայտարարություններ անել, որոնք հարցականի տակ են դնում Արցախի գոյությունը, որովհետև Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ նշանակում է, որ այնտեղ այլևս հայեր չեն ապրելու, կամ հայերին բնաջնջելու են, շատ խելացի պետք չէ լինել սա հասկանալու համար: Նիկոլ Փաշինյանն այսօր ղեկավարում է երկիրը, մի քանի տարի հետո այլևս չի ղեկավարի, ինչո՞ւ է նա փորձում նման ձևով խաչ քաշել Արցախի հիմնահարցի վրա»,- նկատել է Տաթևիկ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ԼՂ կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեին պետք է մասնակցեին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը՝ ոչ միայն հայկական բնակչությունը, այլ նաև՝ ադրբեջանական:
Արձագանքելով Փաշինյանի այս հայտարարությանը՝ Տաթևիկ Հայրապետյանն ընդգծեց, որ այդ ժամանակ հանրաքվեի հետ կապված հստակ դիրքորոշում կար, իսկ ԼՂԻՄ-ում հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերակցությունը կազմել է՝ 80 % հայ բնակչություն և 20 % ադրբեջանական բնակչություն.
«Նիկոլ Փաշինյանն ինչ-որ նորություն չի ասել, նորությունն այն է, որ դա դառնալու էր վճռորոշ Արցախի կարգավիճակի հստակեցման հարցում, բոլորն էլ հասկանում են, որ դա չէր կարող դառնալ վճռորոշ, որովհետև կար ժողովուրդների հարաբերակցություն: Ժամանակին, եթե դիմադրություն չլիներ, այնտեղ հիմա հայ չէր ապրի, Նախիջևանում էլ բազմաթիվ հայեր են ապրել, 1989թ-ի մարդահամարով արդեն այնտեղ ոչ մի հայ չկար: Եթե շահերի պաշտպանությամբ է զբաղվում, կարծում եմ, լավ կլինի հայ ժողովրդի շահերի պաշտպանությամբ զբաղվի, ադրբեջանցիների շահերը պաշտպանողներ կան իրենց երկրում »:
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին կոշտ արձագանքեց Արցախը, նախ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ շեշտում էր՝ միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Այնուհետև Արցախի ԱԺ-ն հայտարարություն ընդունեց՝ հակադարձելով Նիկոլ Փաշինյանին:
Հարցին՝ արդյո՞ք վտանգ չկա, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի իր հայտարարություններով սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև, և սա ի՞նչ նոր սպառնալիքներ կարող է առաջացնել, Տաթևիկ Հայրապետյանն արձագանքեց.
«Անկախ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, որոնք վնաս են հասցնում պետությանը, դա չի քննարկվում, բայց մյուս կողմից պետք է բավարար խոհեմություն ունենալ և թույլ չտալ, որ Արցախի և Հայաստանի միջև սեպ խրվի, դա միայն Ադրբեջանին կարող է ձեռնտու լինել: Վերջերս նաև նկատում եմ, որ քարոզչական քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, ինչը շատ վտանգավոր է, եթե թիրախավորվում է Արցախը, հաջորդը լինում է Սյունիքը, Գեղարքունիքը: Այն մտածելակերպը, որ Արցախը մեզանից հեռու է, մեզ հետ կապ չունի, սա արատավոր մտածելակերպ է և իրականության հետ որևէ աղերս չունի»,-ասաց ադրբեջանագետը: