
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Այսուհետ այս փաստաթուղթը կարող եք դնել ձեր գործատուների սեղանին, եթե պարտադրեն պատվաստվել. Հոխիկյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առողջապահության նախարարությունը հաստատեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կամավոր է, և ոչ ոք պարտադրելու իրավունք չունի․ «Ազատագրական շարժման» համահիմնադիր Արա Զոհրաբյանն օրերս դիմել էր ՀՀ Առողջապահության նախարարություն՝ պարզաբանում ստանալու Քովիդ-19-ի պատվաստումների և ՊՇՌ թեստերի մասին։ Ստացված գրավոր պատասխանում ՀՀ ԱՆ-ն հաստատում է, որ պատվաստումները կրում են կամավոր բնույթ, և ոչ ոք՝ լինի պետություն թե գործատու, իրավունք չունի պարտադրել կամ պատժիչ միջոցներ գործադրել։ Մենք հաճախ ենք լսում թաքուն ու վախվորած դժգոհություններ, որ մարդկանց աշխատավարձն են ուշացնում, չարդարացված նկատողություններ տալիս, պետական սեկտորի և զինուժի աշխատողներին զրկում 13-րդ աշխատավարձից կամ պարգևավճարներից, եթե նրանք հրաժարվել են պատվաստվել։
Այսուհետ կարող եք ներքևում հրապարակվող փաստաթուղթը դնել ձեր գործատուների սեղանին, եթե ինչ-որ մեկը պարտադրի պատվաստվել։ Իսկ ՊՇՌ թեստ անելը, ինչպես ՍԴ-ն հաստատեց, չի կարող արվել աշխատողի փողով։
Այս գործողություններն ամենևին էլ պատվաստման դեմ չեն։ Ես ինքս պատվաստվել եմ, բայց կան շատ մարդիկ, որոնք դեմ են պատվաստմանը, և նրանց չի կարելի պարտադրել անել մի բան, որը նրանք չեն ուզում»։