ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս ամենի համար պետք է լինի առնվազն քաղաքական պատասխանատվություն. Արամ Վարդևանյանը՝ ՊՇՌ թեստերի վերաբերյալ ՍԴ որոշման մասին

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան հեռարձակմամբ անդրադարձել է ՊՇՌ հետազոտումների ծախսը քաղաքացիների հաշվին իրականացնելու վերաբերյալ ՍԴ այսօրվա որոշմանը:

 

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:
 

««ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր»,– որոշումը հրապարակելիս հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
 

Հետազոտության դիմաց վճարող սուբյեկտների սահմանումը, ՍԴ որոշման համաձայն, «դուրս է առողջապահության նապարարի իրավասության սահմաններից»։

 

ՍԴ որոշումը վերջնական է ու ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Միևնույն ժամանակ, ՀՀ ԱՆ-ն տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ «Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»:
 

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում:
 

Այսպիսով. ՀՀ առողջապահության նախարարի հրամանը ճանաչվեց սահմանադրական և բոլոր պահանջները մնում են ուժի մեջ։ Միայն վերոնշյալ ձևակերպումը ճանաչվեց հակասահմանադրական»:

Քաղաքականություն