«Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների հետ ժողով է եղել. նրանց հորդորե՞լ են բարեկիրթ լինել․ ArmDaily
Երկու օր առաջ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ քարտուղար Արծվիկ Մինասյանը հավաքել են պատգամավորների օգնականներին հայտնի միջադեպից հետո եւ խիստ զրույց ունեցել նրանց հետ, գրում է ArmDaily.am-ը՝ հղում անելով իր տեղեկություններին։
Խմբակցության ղեկավարությունը նշել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իրենց ասել է, որ խմբակցության պատգամավորների օգնականները ՔՊ-ական պատգամավորներին միջանցքներում արհամարհում են, չեն բարեւում, ռեպլիկներ են թողնում, դրա համար էլ նման միջադեպեր են լինում, այսուհետ աշխատեք բարեկիրթ լինել, միջանցքներում բոլորին բարեւեք եւ մի տարեք առճակատման։ Այսինքն՝ մեզ հասած տեղեկություններով՝փոխանցել են Սիմոնյանի խոսքը եւ սաստել օգնականներին, կոչ արել կոռեկտ լինել նրանց հանդեպ։
Օգնականները տարակուսած են դուրս եկել այս ժողովից՝ նշելով, որ ընդդիմադիր պատգամավորները ՔՊ-ականներին անվանում են դավաճան, կապիտուլյանտ, իշխանության պատգամավորները իրենց ծեծում են, իսկ իրենց կոչ են անում բարեկիրթ լինել։
Լրատվականը կապ է հաստատել Ազգային Ժողովում ՔՊ-ական պատգամավորների և դաշնակցական օգնականների հայտնի միջադեպի անմիջական մասնակիցներից Գերասիմ Վարդանյանի հետ։
Ստորև ներկայացնում ենք լրատվականի զրույցից մի հատված։
-Մեր տեղեկություններով՝ ժողովի ժամանակ Ձեզ և մյուս օգնականներին Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը փոխանցել են Ալեն Սիմոնյանի խոսքը և հորդորել են բարեկիրթ վարք դրսևորել ՔՊ պատգամավորների նկատմամբ, որպեսզի վերջին աղմկահարույց միջադեպերի նման բախումները բացառվեն։ Հաստատո՞ւմ եք այս տեղեկությունը։
-Հիմա նստեմ եղունգ նայեմ, ենթադրություններով եզրակացություններ եք անում, ինձ հարց եք տալիս, ուզում եք ես էդ հարցը մեկնաբանե՞մ։
-Մենք նման տեղեկություն ենք ստացել ու Ձեզանից ուզում ենք ճշտել՝ եղե՞լ է նման բան, թե ոչ։
-Ի՞նչ տեղեկություն, այդ տեղեկությունները թող Արծվիկ Մինասյանը մեկնաբանի։
-Մենք անպայման իր հետ էլ ենք զրուցելու, բայց նաև Ձեզանից ենք ուզում ճշտել՝ եղե՞լ է նման բան, թե ոչ։
-Հեքիաթ ա, էս ինչ-որ բան ասել են, նման բան չի եղել, նման բան չկա։ ՈՒ ասենք էդ մանիպուլյացիոն բաների իմաստը ո՞րն է։
-Մի խոսքով, հեքիաթներին ու զառանցանքներին բնորոշ բաներ ա ու այսինքն Արծվիկ Մինասյանը կամ չգիտեմ Սեյրան Օհանյանը ինձ ինչ-որ բան ասեն, թե ես ոնց շփվեմ ինչ-որ մեկի հետ։ Այսինքն մենք չգիտենք, թե ո՞նց շփվենք՝ մեզ պիտի ասեն՝ ոնց շփվե՞նք։ Ո՞վ ա էդ տեղեկությունը Ձեզ ասել, էդ տեղեկությունն ասողին ասեք, որ ամոթ ա, տենց հեքիաթներ մի հորինեք։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կազմակերպչական բնույթի ժողով օգնականների հետ եղել է։ «Ալեն Սիմոնյանը չէր կարող ինձ հորդորել, թե ես ինչպես խմբակցության ներսում կազմակերպեմ մեր գործունեությունը։ Մենք, ես անձամբ օգնականների և փորձագետների հետ առանձին խորհրդակցություն եմ անցկացրել, որը վերաբերել է կազմակերպչական խնդիրներին, վերաբերվել է օգնականների գործունեությանը, նրանց աջակցությանը պատգամավորներին, կոլեկտիվի ընդհանուր առմամբ գործունեությանը, որովհետև մենք մեկ կոլեկտիվով ենք ապրում և խորհրդակլցությունը վերաբերվել է նստաշրջանի և ընդհանուր առմամբ 2021 թվականի տարվա ամփոփման, մյուս տարի հաջորդ նստաշրջանում մեր գործունեությանը։ Մենք մեր խմբակցության ներսում ինքնուրույն ենք գործում և խմբակցության ներսում որևիցե մեկը չէր կարող հորդորել դրսից, նույն Ալեն ՍԻմոնյանը չէր կարող հորդորել։ Ալեն Սիմոնյանը հորդորող լիներ՝ իր պատգամավորներին կհորդորեր, որ այդ կռիվը չսարքեին»,-ասաց Օհանյանը։