Քաղաքականություն

Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները. Armtimes

Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները. Armtimes

«Հայկական ժամանակը» գրում է. «Հայտնի է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, իր պաշտոնավարման մեկնարկից սկսած, բազմաթիվ անգամներ ցանկություն է ունեցել հրաժարական տալ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ամեն անգամ հետ է կանգնել այդ մտքից:

Սակայն տարօրինակ կերպով ամեն ինչ փոխվեց, երբ նա պատերազմի օրերին հայտնի գեներալ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հետ, որի հետ նա ունի քավոր-սանիկական հարաբերություններ, մեկնեց Արցախ:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատերազմի ավարտից հետո նա դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ:

Այժմ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է:

Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք նախկինում «օր ու արև չէին տալիս» Մարությանին, և նա ամենաշատ քննադատության արժանացող պաշտոնյաներից էր իշխող քաղաքական թիմում:

Թերևս ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները:

Կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ պատերազմից հետո «չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը: Մասնավորապես՝ վերլուծելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած «Հայաստան» դաշինքը միտումնավոր չի առաջարդում թեկնածուներ, սակայն քողարկված կերպով պաշտպանում է դեռևս նախկին իշխանությունների կողմից մնացած գործող քաղաքապետներին, որոնք սեփական անուն-ազգանուններով դաշինքների ներքո որոշ տեղերում հաղթում են իշխանական թեկնածուներին, նախկին իշխանությունները իրենց համար հարմար թեկնածու են տեսնում նաև Հայկ Մարությանին գալիք 2023 թվականի Երևանի ՏԻՄ ընտրություններում:

Եթե մինչ այս կենտրոնական իշխանությունները «մի կերպ հանդուրժում էին» Հայկ Մարությանի ընդունած դիրքը, ապա այս ամենից հետո ակնհայտ է դառնում, որ լուրջ անդունդ է ձևավորվում նրան քնաղաքապետ դարձրած քաղաքական թիմի և նրա միջև:

Թե ինչպե՞ս կորոշի Հայկ Մարությանի հետագա ճակատագիրը նրան քաղաքապետ դարձրած իշխող քաղաքական թիմը, պարզ կլինի ապագայում»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250