Ցուցարարները սպառնացե՞լ են փակել վիրավոր զինվորին Երևան տեղափոխող մեքենայի ճանապարհը․ նրանց տեսակետը
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե Վարդենիսում հրամանատարի տեղակալին հայտարարել են, որ խոչընդոտելու են վիրավորին Երեւան հասցնող մեքենայի ընթացքը։
Auroranews-ի հետ զրույցում «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը, ով նաև ցույցի մասնակիցներից էր, նշեց․ «Նման վերաբերմունք մեր զինվորների, մեր բանակի նկատմամբ չի եղել։ Մենք հենց սահմանային լարվածության պատճառով դադարեցրեցինք մեր անժամկետ ակցիան և բացեցինք ճանապարհը, որպեսզի որեւէ կերպ չխոչընդոտենք որեւէ խնդրի կատարման»։
Շահնազարյանը հավելեց, որ Աժակցիային մասնակցող բազմաթիվ մարդիկ 44-օրյա պատերազմին են մասնակցել եւ իրենց մաշկի վրա զգացել են պատերազմի ողջ դժվարությունը․ «Այդ մարդիկ ինչպե՞ս կարող են վիրավոր զինծառայող տեղափոխողին խոչընդոտել։ Անգամ շտապ օգնության մեքենա է եկել, ասել են՝ ավտովթար է տեղի ունեցել, բնակիչներն արագ բացել են ճանապարհը, որ անցնի։ Իրենց անվտանգությունը վերահսկողին ինչպե՞ս կարող են խոչընդոտել»։
Հետաքրքրվեցինք, թե ինքը ցույցի ամբողը ընթացքում այդտեղ է եղել, նշեց, որ քիչ ժամանակով բացակայել է։
Ցուցարարներից մեկ ուրիշն էլ խնդրելով իր անունը չհրապարակել՝ նշեց, որ հնարավոր է, որ զայրույթի պահին մի քանի հոգի նման բան ասած լինեն, բայց բնականաբար ճանապարհը կբացեին զինվոր տեղափոխող և ՊՆ ցանկացած մեքենայի առաջ։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Սադրանքի հետեւանքով հայկական կողմից թեթեւ հրազենային վիրավորում էր ստացել երկու զինծառայող։
Նշենք, որ Վարդենիսի բնակիչներն ի աջակցություն «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի՝ փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը եւ իրենց պահանջներն էին ներկայացնում։ Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։ Այսօր էլ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը պետք է հրապարակվի։