Բայդենի ու Զելենսկու բանակցությունները տևել են մոտ 1․5 ժամ. մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համակարգել են դիրքորոշումները Դոնբասում իրադրության կարգավորման հետ կապված։

«Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ջո Բայդենին Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում հետևողական, կոշտ աջակցության համար և հաստատել անշեղ տրամադրվածությունը Դոնբասում խաղաղության ուղիների որոնմանը»,-ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում։

Զելենսկին նշել է, որ ուկրաինական կողմն ունի խաղաղ գործընթացի ապաարգելափակմանն ուղղված հստակ առաջարկներ։

Բայդենի ու Զելենսկու բանակցությունները տևել են մոտ 1․5 ժամ։ Սպիտակ տան ղեկավարն ուկրաինացի գործընկերոջը մասնավորապես պատմել է դեկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր զրույցի մասին։ Առաջնորդները նաև քննարկել են Դոնբասի հակամարտության կարգավորման հնարավոր ձևաչափերը և անդրադարձել Ուկրաինայում ներքին բարեփոխումների ընթացքին։

Սպիտակ տունն իր հերթին հայտնում է, որ Բայդենը Զելենսկիի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ-ի և Եվրոպայի անհանգստությունը՝ կապված Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունների» հետ։ Նշվում է, որ Վաշինգտոնն ու դաշնակիցները վճռական միջոցներով կպատասխանեն Ուկրաինայի տարածք ՌԴ ներխուժմանը։

ԱՄՆ առաջնորդը նաև հասկացրել է, որ ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներն ու գործընկերները հակված են «Ուկրաինայի հարցով ոչ մի որոշում կամ քննարկում՝ առանց Ուկրաինայի» սկզբունքին։

«Առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին նվազեցնել լարվածությունը և համաձայնել են, որ դիվանագիտությունը կոնֆլիկտի կարգավորման գործում նշանակալի առաջընթացի հասնելու լավագույն ուղին է»,-եզրափակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։