ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանը 10 տարի առյուծ քշելուց բացի ինչո՞վ էր զբաղված, որ արցախյան հարցը չի լուծել. Ալեքսանյան
10 տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանը բացի առյուծ քշելուց ինչո՞վ էր զբաղված, որ չի լուծել արցախյան հարցը։ ԱԺ-ում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Չգիտեմ Ալիևին ինչքանով էր տշում, բայց ինչքանով ես եմ տեսել իրար հետ գառ էին ուտում։ Եթե ձեր համար տշելը դա է, կարող եմ հասկանալ։ Պարոն Վարդևանյանն ասում է, որ Քոչարյանը վատ երազ է Ալիևի համար։ Չեմ պատկերացնում, թե էդ ինչ վատ երազի մասին է գնում խոսքը, երբ թշնամի պետության ղեկավարը գալիս քեզ Մեղրի է խոստանում, 10 տարի շարունակ սեփական պետությունը քայքայում ու խրում է կոռուպցիայի մեջ, ամենաքիչ ռազմական զինտեխնիկայի ձեռքբերումներն է ունենում Հայաստանի բոլոր ղեկավարների շրջանում, Արցախը դուրս է թողնում բանակցային գործընթացից»,-նշեց պատգամավորը։
Վահագն Ալեքսանյանի ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեղից խոսեց, ինչի համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիր պատգամավորին մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկեց։
«Այսօր դուք խոսափող չունեք այլևս»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ եթե պատգամավորն այսկերպ շարունակի, կարող է 7 օրով էլ զրկի խոսափողից հանդես գալու իրավունքից։






























