
Եթե այն իմ քնից կխլի գեթ մեկ րոպե, ապա չարժի. Ջորջ Քլունին հրաժարվել է ավիաընկերության բազմամիլիոնանոց առաջարկից՝ հանուն սկզբունքների

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին հրաժարվել է ավիաընկերության հետ խոշոր գովազդային պայմանագրից, հաղորդում է The Guardian-ը` մանրամասնելով, որ դերասանը ավիաընկերության գովազդում նկարահանումների մեկ օրվա ընթացքում պետք է 35 մլն դոլար ստանար:
Ինչպես պատմել է ինքը՝ Քլունին, կնոջ՝ Ամալ Քլունիի հետ խոսելուց հետո նա հրաժարվել է այդ գործարկից։
Դերասանի խոսքով՝ ավիաընկերությունը, որից ստացվել է առաջարկը, կապված է մի երկրի հետ, որը «թեեւ դաշնակից է, սակայն երբեմն կասկածներ է հարուցում»:
«Ես մտածեցի, որ եթե այն իմ քնից կխլի գեթ մեկ րոպե, ապա չարժի», — պատմել է Քլունին:
Հանրահայտ դերասանի որոշմանն անդրադարձել է նաև Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ թվիթերյան իր էջում գրելով.
«Ջորջ և Ամալ Քլունիները Հայոց ցեղասպանության ճանաչման ուժեղ կողմնակիցներ են։ Մենք կարող ենք կռահել, թե որ ավիաընկերությունն է նման առաջարկ արել, բայց պատասխանն արժե ամեն ինչ.
«Եթե այն իմ քնից կխլի գեթ մեկ րոպե, ապա չարժի»: Համոզմունքներն ու սկզբունքները չեն վաճառվում»,- գրել է դեսպանը:
Նշենք, որ այս հարցազրույցից հետո տարբեր լրատվամիջոցներ սկսել են «գուշակել», թե որ ավիաընկերության մասին է խոսքը:
Ըստ լրատվամիջոցների՝ հավանական տարբերակները հետևյալ 6 ավիաուղիներն են.
- El-Al
- Emirates
- Etihad
- Qatar
- Saudia
- Turkish