ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի ԱԳՆ-ն՝ Աֆղանստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին. հայտնի է կոնֆլիկտի պատճառը
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն մեկնաբանել է իրանա-աֆղանական սահմանին տեղի ունեցած բախումները: Այս մասին հայտնում է MiranPress-ը:
Խաթիբզադեն նշել է, որ «այսօր Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի սահմանամերձ շրջանում տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որը հարթվել և ավարտվել է երկու կողմերի սահմանապահների համակարգված աշխատանքով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական և աֆղանական աղբյուրները հայտնել ենսահմանային լարվածության, ռազմական ուժի կուտակումների, հրետանու կիրառման և ընթացող մարտերի մասին: Երկուստեք հրապարակվել են նաև տեսանյութեր և լուսանկարներ:
Իրանցի լրագրող Խայալ Մուազզին մանրամասներ է ներկայացրել կոնֆլիկտի պատճառների մասին: Ըստ հրապարակման՝ «այսօր կեսօրին իրանցի սահմանապահների ու թալիբների միջև բախումներ են սկսվել Նիմրոզ նահանգի Շագալաք շրջանում՝ սահմանի շուրջ չհասկացվածության պատճառով:
«Ասում են, որ վերջին տարիներին Իրանի տարածքում և Աֆղանստանի հետ սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա պատեր են կառուցվել՝ մաքսանենգների և չարագործների դեմ պայքարելու համար: Այսօր որոշ իրանցի ֆերմերներ անցել են այդ պատերից այն կողմ, և չնայած շարունակել են գտնվել Իրանի սահմաններում, այնուամենայնիվ թալիբները համարել են, որ իրենց երկրի սահմանը խախտվել է:
Այս միջադեպից հետո թալիբների ուժերը կրակ են բացել իրանցիների ուղղությամբ, ինչին էլ հաջորդել է իրանական ուժերի հետ փոխհրաձգությունը:
Tasnim-ին տված հարցազրույցում իրազեկ պաշտոնյան ընդգծել է, որ թալիբների կողմից Իրանի սահմանին անցակետեր զավթելու մասին լուրերը սկզբունքորեն կեղծ են: Որոշ կադրեր հրապարակվել են կոնֆլիկտի սկզբում, իսկ այժմ սահմանապահները լիովին վերահսկում են իրավիճակը։