ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրականացվում են ստուգումներ. Արցախի ԱԱԾ-ն՝ աղմկահարույց հայտարարությունների հեղինակին հրավիրել է պարզաբանումներ ներկայացնելու
Ռոման Բաղդասարյանին առաջարկում ենք ներկայանալ ԱՀ ազգային անվտանգության ծառայություն և պարզաբանումներ ներկայացնել իր կողմից հայտարարված ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն։
«Այսօր ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել սոցիալական ցանցերում տարածված՝ Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի, սպաների ու գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու, ինչպես նաև սպանություններ կատարելու հրամաններ տալու մասին:
Հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարության կապակցությամբ իրականացվում են ստուգումներ, ուստի Ռոման Բաղդասարյանին առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ներկայանալ ԱՀ ազգային անվտանգության ծառայություն և պարզաբանումներ ներկայացնել իր կողմից հայտարարված ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ:
Միաժամանակ իրազեկում ենք, որ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված հիմքերը ծագելու դեպքում ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը դիմելու է նաև դատավարական հարկադրանքի միջոցի»: