
Հայտնի «Mozartkugel» կոնֆետի արտադրողներից մեկը սնանկացել է համավարակի պատճառով

Ավստրիական հայտնի «Mozartkugel» քաղցրավենիքի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Salzburg Schokolade-ն, սնանկության հայց է ներկայացրել։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով ընկերության հաղորդագրությանը:
Նշվում է, որ նման քայլի պատճառ են դարձել Ավստրիայում համավարակի հետևանքները և զբոսաշրջիկների պակասը:
Այսօր Զալցբուրգի շրջանային դատարանում պետք է բացվի սնանկության գործը:
Ընկերության տնօրենի խոսքով՝ իրենք 2020 թվականին համավարակի պատճառով մեծ վնասներ են կրել: Զբոսաշրջիկների թվի, ծննդյան տոնակատարությունների ու հարսանիքների կտրուկ նվազման պատճառով ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկն իջել է, ինչը հանգեցրել է վաճառքի զգալի նվազմանը։
Բացի այդ, Վիեննայում և Զալցբուրգում հրուշակեղենի խանութները շաբաթներ շարունակ փակ են մնացել Ավստրիայում զբոսաշրջիկների բացակայության պատճառով: