
Վարչապետի հետ հանդիպումից հետո մտահոգություններս ավելի խորացան. Գորիսի փոխքաղաքապետ

ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո Սյունիքի սահմանների պաշտպանության հետ կապված իմ մտահոգություններն ավելի խորացան։
Վերոնշյալ հարցի վերաբերյալ որևէ հստակ պատասխան չտրվեց։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սյունիքի համայնքապետերի հետ, որին մասնակցել է նաեւ Գորիսի համայնքապետի տեղակալ Կարեն Քոչարյանը։
Ադրբեջանցիների կողմից Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի՝ Գորիս-Կապան, ինչպես նաեւ Կապան-Ճակատեն հատվածներում մաքսակետ ու անցակետ տեղադրումից հետո խնդիրներ են առաջացել միջհամայնքային ուղեւորափոխադրումների, սննդի մատակարարումների ու, ընդհանրապես, քաղաքացիների ազատ տեղաշարժման համար, ինչը քննարկման առարկա է դարձել վարչապետի հետնշված հանդիպման ժամանակ։ Կ.Քոչարյանի փոխանցմամբ՝ այլընտրանքային ճանապարհների հետ կապված ասել են, որ նորոգվում է։
«Հանդիպմանը մասնակցեցի, քանի որ Սյունիքում ստեղծված իրավիճակից հաճախ մանիպուլացվում է։ Անհրաժեշտ է հստակ դիրքորոշում արտահայտել, ինչ-որ կոնկրետ պատասխան ստանալ։ Նշել ու նշում եմ, որ Առուշ Առուշանյանի ջոկատը պատրաստ է կանգնել բանակի կողքին և Սյունիքի պաշտպանության համար հստակ կռիվ տալ»,-ասաց Կարեն Քոչարյանը։