Պետք է ձևավորել համաժողովրդական պահանջ. Իշխան Սաղաթելյան

Ինքնախաբեություն է այսօրվա իշխանության խոսքերին հավատալը, հույս ունենալ, որ այս իշխանությունը հնարավոր է դուրս բերի երկիրն այս իրավիճակից՝ ևս անհեռատես, անհեռանկար հույս է:Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և ընդգծեց՝ պետք է միավորվել, ձևավորել իրական դիմադրություն, համաժողովրդական պահանջ և օր առաջ հասնել այս իշխանությունների հեռացմանը.

«Սա է այն ճանապարհը, որով կարող ենք երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Շատ խոսվեց միասնության և համախմբման մասին, մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք՝ սա մեկ ուժի, մեկ մարդու, մեկ կազմակերպության խնդիր չէ, սա հայ ժողովրդի խնդիրն է, այս ամբիոնում կան մարդիկ, տարբեր քաղաքական ուժերի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, մասնագետներ, և մեզ բոլորիս միավորել է մեկ գաղափարը՝ հայրենիքի փրկության գաղափարը» ,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ ամենակարևոր խնդիրներից է՝ ձևավորել պահանջ և ցույց տալ, որ այս իշխանությունները չունեն մանդատ՝ երկիրը նոր զիջումների, նոր կապիտուլյացիայի տանելու համար.

«Բազմաթիվ անգամներ իշխանությունները հնչեցրել են՝ ժողովրդի կողմից ունենք վստահություն, և անելու ենք այն՝ ինչ ուզում ենք, մեր խնդիրն է ցույց տալ, որ իրենք չունեն այդ մանդատը: Մեր երկրի առջև ծառացած խնդիրները կարող ենք լուծել միայն և միայն այս իշխանությունների հեռացնելու միջոցով»,-ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ