
Մենք ուզում ենք, որպեսզի դպրոցի տնօրենը հնարվորինս քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք և այլ հարցերով. Փաշինյան

Կառավարությունն ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։
Ըստ հիմնավորման՝ փոփոխությունները թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։
Նիկոլ Փաշինյանը, պարզաբանելով նախագիծը, նշեց․ «Հանրակրթության ոլորտում մեզ համար կարևոր և սկզբունքային բարեփոխումները շարունակում ենք և այս օրենքի ընդունմամբ շատ մեծ և տեսանելի փոփոխություններ կտեսնենք հանրակրթության ոլորտում։ Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ, մետլախ և այլ հարցերով»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսպիսով ընդհանրապես դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումը առանձնացնում է կրթական մասի կառավարումից, այսինքն՝ տնօրենը կրթության բովանդակությամբ է զբաղվելու։ Նա հայտնեց, որ խմբավորված դպրոցների շենքերի կառավարմամբ զբաղվելու է ուրիշ պաշտոնյա, որը կկոչվի վարչատնտեսական մասի ղեկավար կամ համակարգող։
Նա ասաց, որ պետք է կարողանան չափել դպրոցի տնօրենի աշխատանքը։ «Նշանակված տնօրենները մեկ տարվա ընթացում կլինեն անձեռնմխելի՝ պաշտոնավորման առումով, մեկ տարի հետո խորհուրդները հնարավորություն կունենան նրանց անվստահություն հայտնել և երեք տարին մեկ նրանց գործունեությունը և արդյունքները պետք է ստուգվեն»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ներառական կրթության հատվածում նախատեսում են ֆինանսավորման նոր և լրացուցիչ մեխանիզմներ։ Նա նկատեց, որ դեպքեր կան, որ դպրոցի տնօրենը տասնյակ տարիներով տնօրեն է, և եթե մարդ որակյալ աշխատանք է կատարում, սիրում է իր աշխատանքը, պետության սահմանած նշաձողերը ապահովում է, ապա կարող է աշխատել։