Հասարակություն

Լեփ–լեցուն ավտոբուսներ, բազմամարդ հերթեր․ քովիդի կանխարգելման համակարգերը գրեթե չեն գործում․ Էլինար Վարդանյան

Լեփ–լեցուն ավտոբուսներ, բազմամարդ հերթեր․ քովիդի կանխարգելման համակարգերը գրեթե չեն գործում․ Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը հոդված է հրապարակել, որում անդրադառնում է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությանն ու դրա դեմ պայքարին։ Հոդվածը կարդացեք ստորև։

 

Մեր երկրում քովիդի դեմ պայքարը շարունակում է մնալ սիրողական մակարդակի: Կանխարգելման համակարգերը գրեթե չեն գործում: Այս ուղղությամբ լուրջ քայլեր չեն արվում, իսկ արվողներն էլ կա´մ թերի են, կա´մ կոսմետիկ բնույթ են կրում:

Բարդ է քաղաքացիներին համոզել համավարակի սրման փաստում, եթե պետության կողմից հանրային տրանսպորտում չի երաշխավորվում համաճարակային անվտանգության որևէ նորմ:

Լեփ–լեցուն կանգառներ, լեփ–լեցուն միկրոավտոբուսներ ու ավտոբուսներ։ Քաղաքացին ստանում է ուղիղ մեսիջ՝ խնդրին անլուրջ վերաբերվելու։ Արդյունքում քաղաքացին վերելակ նստելիս, տրանսպորտ նստելիս, խանութ մտնելիս, բազմամարդ հերթերում չի կրում դիմակ և չի պահպանում որևէ սոցիալական հեռավորություն։ Դա վարակի տարածման ամենապարարտ միջավայրն է։ Իսկ դա նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր:

Դժվար է խոսել համավարակի լրջության մասին, եթե համայնքապետարանում հսկայական հերթեր են` գույքահարկի վճարման համար: Բազմաթիվ մարդիկ սպասում են գույքահարկ վճարելու իրենց հերթին: Սպասարկող աշխատակիցը երկար մատյաններում փնտրում է հարկատուին, հետո շատ երկար լրացնում է վճարման անդորրագիրը, մի մասը պատռում, վերադարձնում, հետո հարևան սենյակներում փնտրում վճարած գումարի մանրը, իսկ հերթը կուտակվում է և կուտակվում: Այս պայմաններում զավեշտալի է խոսել քովիդի կանխարգելման մասին:

Անկեղծ լինելու համար, նշենք նաև, որ ստեղծվել է գույքահարկի վճարման էլեկտրոնային միասնական համակարգ, որը թվում է, թե պետք է թեթևացներ խնդիրը: Բայց այստեղ պատուհաններից մեկում պահանջվում է լրացնել անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, ինչը անշարժ գույքի հին վկայականներում չկա, իսկ նոր վկայական չունեն քաղաքացիների մեծամասնությունը: Փորձեք գույքահարկի ծածկագիր գտնել նախկինում ձեռքով լրացված վճարումների անդորրագրերում, անհույս է: Մանրո՞ւք է, միգուցե: Բայց սա նպաստում է հերթերի գոյացմանը, հետևաբար նաև քովիդի տարածմանը:

Քովիդի օրինակով մենք պարզ տեսնում ենք, որ պետությունը կազմակերպվածության այն մակարդակին չէ, որ կարողանա որևէ ոլորտում արդյունավետ ծրագիր իրականացնել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250