Չի կանգնում պատերազմը. Վանեցյանը` Փաշինյանի սխալների մասին

«Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալն է, երբ ասում է՝ մենք միլիմետրի ճշգրտությամբ գիտենք Հայաստանի սահմանները։ Չի կարող այս երկրում որևէ մեկն իմանալ Հայաստանի սահմանները՝ ճշգրտված», - այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նշեց, որ դա ասում է որպես անվտանգության ոլորտի մասնագետ, սահմանապահ զորքերի նախկին ղեկավար։ Ըստ Վանեցյանի՝ ՀՀ-ն չունի 100 տոկոս՝ միլիմետրի ճշգրտությամբ սահմանների նկարագիր։

Նա շեշտեց՝ դելիմիտացիան ու դեմարկացիան անհրաժեշտ գործընթացներ են, սակայն դրանք իրենց ընթացակարգն ու անհրաժեշտ նախադրյալները պետք է ունենան։ Փաշինյանի հայտարարությունները՝ Խորհրդային քարտեզներին հղումներով, զուրկ են հիմնավորումից։
«Խորհրդային միության ժամանակահատվածում՝ Սովետական Հայաստանը պետական սահման ունեցել է միայն Իրանի և Թուրքիայի հետ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ մենք ունեցել ենք վարչական սահմաններ, իսկ վարչական սահմանները պետական սահմաններից էականորեն տարբերվում են», - նշեց Արթուր Վանեցյանը, հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը գծվել է արյամբ՝ 90-ականներից սկսած։

«Մի գրչի հարվածով մի մարդ, ով չգիտեմ ոնց՝ եկել, այս փուլում դարձել է ՀՀ ղեկավար, ստորագրում է և տալիս է այդ սահմանները»։
Վանեցյանը նշեց, որ պատերազմի հետևանքով ձևավորված սահմանը պետք է ոչ թե Խորհրդային միության սահմանի կամ վարչական սահմանի տրամաբանությամբ դիտարկել, այլ նաև բնագծերով։

Վանեցյանը հայտնեց նաև, որ հունիսի 20-ին 680 000 քաղաքացի հավատաց Նիկոլ Փաշինյանին և ձայն տվեց նրան մի նպատակով։ Ըստ Վանեցյանի, քաղաքացիները մտածում էին՝ պատերազմ էլ չի լինի։ Իշխանություններն էլ ընդդիմությանը ներկայացնում էին որպես ռևանշիստական ուժեր, որոնք պատերազմ են «ուզում»։ Նա արձանագրեց, որ ընտրություններից հետո, սակայն, պատերազմը ոչ միայն չկանգնեց, այլև նոր զոհեր, նոր գերիներ, նոր տարածքային կորուստներ ունեցանք։

«Պատերազմից հետո առաջին փուլում ունեցանք 62 գերեվարված անձ, դրանից հետո՝ էլի գերիներ, երկու օր առաջ էլ տեղեկացանք, որ էլի առնվազն 32 գերի ունենք, և չի կանգնում պատերազմը», - ընդգծեց Վանեցյանը՝ հավելելով, որ պաշտոնական տվյալներով՝ 100 000 մարդ արտագաղթել է մեր երկրից։

«2 օր առաջ ասում է՝ պարզեցի, որ Սյունիքի 6 գյուղում 250 ընտանիք կա։ Գոնե այն ժամանակ 250 ընտանիք կար, հիմա նրանք էլ են գնալու։ Ի՞նչ եք անում, հայաթափո՞ւմ եք։ Վերջում Երևանն է մնալու, ինքն էլ կանգնելու, ասելու է՝ բա հլը ասֆալտի որակը նայեք․․․», - ասաց Վանեցյանը։

Իշխանությունը հոգեվարքի մեջ է, չի կարողանալու մնալ, իսկ այն, որ կարճ ժամանակ է մնացել, Վանեցյանը նշեց, որ կախված է հանրության արձագանքից։

«Էդ մարդը վախեցած նստած սպասում է իր ճակատագրին, վճռին, եթե մենք նրա հետ երկխոսության մեջ մտնենք, չկա երկրում մեկը, ով կհաղթի նրան այդ զրույցում։ Նա ասելու է փաստաթուղթ չկա, պահանջ է պետք՝ հեռանա, որ երկիրը փրկենք»,-հավելեց Վանեցյանը։

Քաղաքականություն

Պատահարներ