
Դուք դավեցիք որդուս հայրենիքը, ես թույլ չեմ տա դավեք իմ թոռնիկի հայրենիքը. Կարին Տոնոյանը պահանջում է հրապարակել փաստաթուղթը

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ազատագրում» շարժման հանրահավաքը:
Նախաձեռնության ղեկավարներից Կարին Տոնոյանը իր ելույթում ասաց, որ դեռ երեկ իրենք պահանջում էին հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, սակայն այսօր տեղեկացել են, որ ՀՀ իշխանությունները պաշտոնապես դիմել են Ռուսաստանին, որ առանց նախապայմանների հաշտության պայմանագիր կնքեն թուրքերի հետ:
Կարին Տոնոյանը հայտարարեց, որ գնում են մինչև վերջ, մինչև հայրենիքը չազատեն ազգադավներից, ապա Տոնոյանը դիմելով բոլորին ասաց, որ միայնակ չի կարող պայքարել, թող ամեն մեկը պայքարի իր ոտքի տակի հողի համար:
«Իմ թոռնիկը մինչև այժմ չգիտի, որ իր հայրիկը չկա: Դուք դավեցիք իմ որդու հայրենիքը, ես թույլ չեմ տա, որ դուք դավեք իմ թոռնիկի հայրենիքը: Դուրս եկեք փողոց, որևէ պաշտոնյա իրավունք չունի առանց ժողովրդի կարծիքի փաստաթուղթ ստորագրել, դա Սահմանադրական պահանջ է: Շատ շնորհակալ ենք այդ վարչապետից, թող այլևս մեր անունից թուղթ չստորագրի»,-ասաց Տոնոյանը: