
2020 թ.-ի նոյեմբերի 10-ից հետո ավելի քան 40-45 ք/կմ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Փաշինյան

2020 թ.-ի նոյեմբերի 10-ից հետո ավելի քան 40-45 ք/կմ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք։ Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային հանրությունն այդ ներխուժումը դատապարտել է։ Այս ագրեսիան պետք է վերացվի։ Այս ագրեսիայի փաստը պետք է հնչեցնենք միջազգային բոլոր ատյաններում և պահանջենք, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներ գործադրվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև պատասխանել է այն մեղադրանքներին, ըստ որոնց՝ շխանությունը թշնամուն տարածքներ է հանձնում:
«Եթե մենք սենց հեշտ տվող լինեինք, մեր կառավարության նկատմամբ այդ ագրեսիվությունը բոլոր կողմերից չէր լինի։ Դա նրանից է, որ բոլոր հնարավոր ձևերով փորձում ենք Հայաստանի շահը պաշտպանել, ինչի համար էլ հարվածներ ենք ստանում»,-ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ գնահատում է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ նախարարների միջև ուղիղ կապ ստեղծելու գաղափարին համաձայնություն տալու որոշմանը.
«Նախկինում երբեք Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կոնտակտ չի եղել, առաջին անգամն է նման բան տեղի ունենում: Դա իմպրովիզով ստացվեց, երբ փորձում էինք հասկանալ՝ ի՞նչ կարող ենք անել փոխադարձ մեղադրանքների հետ, ով խախտեց հրադադարը և այլն։ Կապը հաստատված է, փաստն ինքնին գնահատելի է։ Ես գնահատում եմ նաև Ադրբեջանի նախագահի այդ որոշումը»,-ասաց Փաշինյանը և հավելեց՝ ժամանակը ցույց կտա, թե դա որքանով արդյունավետ կլինի»: