
Հայկական կողմը մեկ զոհից բացի՝ նաև վիրավորներ ունի. Գեղամասարի համայնքապետ

Համացանցի հայկական տիրույթում տեղեկություն է տարածվում այն մասին, որ այսօր Նորաբակ համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ տեղի ունեցած կրակոցների հետևանքով բացի զոհից հայկական կողմն ունի նաև վիրավոր զինծառայողներ:
Տեղեկությունը հաստատել է նաև Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ Գեղարքունիքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը մեկ զոհից բացի՝ նաև վիրավորներ ունի։
«Ստույգ թիվ չեմ կարող ասել՝ քանի հոգի են, բայց կան։ Ադրբեջանցիները թիրախավորված կրակել են Նորաբակի ուղղությամբ։ Հրաձգությունը երկար չի տևել», - ասել է Ավետյանը։
ՀՀ ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում հայտնել է ադրբեջանական կրակոցների հետևանքով ժամկետային զինծառայողի մահվան մասին, սակայն հնարավոր վիրավորների առկայության մասին որևէ տեղեկատվություն չկա: