Հասարակություն

Սյունիքում մարտերի հետևանքով գերի ընկածների վերաբերյալ հաստատում չկա․ 24News

Սյունիքում մարտերի հետևանքով գերի ընկածների վերաբերյալ հաստատում չկա․ 24News

Երբ որ լինի հաստատում ու տեսակցություն, իհարկե լրացուցիչ կասենք, այս պահին ոչինչ ասել չեմ կարող։ Այս մասին 24News-ին ասաց Հայաստանում «Կարմիր Խաչ» միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ուղղությամբ ծավալված հայ-ադրբեջանական բախումների հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում էին գործել Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղակայված դիրքերի ուղղությամբ։ Ըստ պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 17-ի հաղորդագրության՝ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ «Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է», - նշված էր հաղորդագրության մեջ։

«Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ ուշադիր և հետևողականորեն աշխատում են պատկան մարմինների և իրենց դիմած ընտանիքների հետ։ «Ներգրավված կողմերի և պատկան մարմինների հետ երկխոսության մեջ ենք ստեղծված իրավիճակի հետ կապված։ Ընտանիքների համար մշտապես մեր դռները բաց են, և մենք ընթացքում էլ կապի մեջ ենք ավելի շատ այն ընտանիքների հետ, որոնք կապ են հաստատում մեզ հետ։ Ինչ վերաբերում է ընթացքին, ապա մենք ուշադրությամբ հետևում ենք բոլոր հրապարակումներին, նաև տեղեկատվություն է փոխանցվում պաշտոնյաների կողմից, իսկ բովանդակային առումով՝ ինչ փուլում է, ես այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև մենք փորձում ենք հանգամանքներով պարզաբանել տարբեր հարցեր, և ստանալով պատասխաններ՝ ավելի որոշակի կասենք։ Ըստ մեր գործելաոճի, սկսած առաջին իսկ րոպեներից մենք ներգարավվել ենք։ Մենք Գորիսում, եթե գիտեք, ունենք գրասենյակ», - ընդգծեց Ամատունին։

Նա ասաց, որ կազմակերպության ներկայացուցիչները հոկտեմբերին այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և այլ պահվող անձանց։ «Մենք նաև տեսակցել ենք ընտանիքներին, որոնք փոխանցել են իրենց տեսահաղորդագրությունները։ Ընտանիքների հետ տեսակցություններն առիթ են հանդիսանում, որ կարողանանք պարբերաբար կապ պահպանել ընտանիքների և գերեվարված անձանց միջև։ Ընտանիքի անդամների տեսագրված հաղորդագրությունները տրամադրում ենք գերեվարված անձանց, իսկ նրանց տեսագրված հաղորդագրությունները, երբ այցելում ենք, փոխանցում ենք ընտանիքներին», - եզրափակեց Զառա Ամատունին։

Փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում են 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված հայ գերիների շահերը։ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը լրան ասաց, որ նոյեմբերի 16-ի բախումների հետևանքով գերեվարված հայ զինծառայողների հարազատներն արդեն դիմել են իրենց։ «Ուսումնասիրություններ ենք անում, կարծում եմ՝ նաև Եվրոպական դատարան կդիմենք», - նշեց փաստաբանը։

Հարցին՝ քանի՞ գերու մասով են իրենց դիմել, Զեյնալյանը պատասխանեց․ «Այս պահին չեմ կարող ասել, դեռևս հստակեցվում է»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250