Քասախում լարված վիճակ է, բողոքում են ընդդեմ ՔՊ-ական համայնքապետի ժ/պ-ի նշանակման
Կոտայքի մարզի Քասախ համայնքում, որտեղ բնակիչները բողոքում համայնքապետի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեմ, երեկոյան ավելացել են ոստիկանության աշխատակիցները:
Բնակիչներն առավոտից համայնքապետարանի մոտ բողոքի ակցիա են անցկացնում: Մինչ այդ համայնքապետի տեղակալ Նարեկ Մկրտչյանը NEWS.am-ին հայտնել էր, որ համայնքապետը արձակուրդ է գնացել եւ իրեն նշանակել է պաշտոնակատար, իսկ արձակուրդում եղած ժամանակ Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս մարդուն աշխատանքից ազատել եւ այլ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Ի դեպ, համայնքի ղեկավարը մի քանի շաբաթ առաջ կալանավորվել է:
Նշենք, որ մարզպետի կողմից նշանակված նոր պաշտոնակատարը ՔՊ-ից է՝՝ Արտակ Թովմասյանը, ով նաեւ ընդգրկված է Նաիրի խոշորացված համայնքում (Քասախն ընդգրկված է այդ համայնքում) ՏԻՄ ընտրությունների ՔՊ ցուցակում:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ հիմա համայնքապետարանի դուռը փակ է, պահակները ի նշան բողոքի փակել են դուռը, որպեսզի նոր ԺՊ-ն չմտնի այնտեղ:
«Ոստիկանները հիմա ուզում են կոտրել դուռը: ԺՊ նշանակելու մարզպետի որոշումը անօրինական է, դրանով ինքը խախտել է եւ աշխատանքային օրենսգիրքը, եւ Ընտրական օրենսգիրքը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ այստեղ են հավաքվել մեծ թվով կարմիրբերետավորներ, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, սակայն քիչ անց հանդարտվեց:






























