
Իշխանությունը տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով փորձում է ՀՀ տարածքների օկուպացիան երկրորդ պլան մղել․ Աբրահամյան

Հայաստանի արևելյան հատվածում Ադրբեջանի ագրեսիան մայիսի 12-ին ներխուժման երկրորդ փուլն էր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորն ընդգծեց՝ պետք է նախ հասկանալ՝ ադրբեջանական նոր ագրեսիայի պատճառները և պարզել՝ իրականում ի՞նչ խնդիր էր դրել իր առջև.
«Երկրորդ կարևոր հանգամանքը, որ պետք է հասկանալ՝ թե այս ագրեսիայի արդյունքում հայկական կողմի տարածքային կորուստները, բացի նրանից, որ բռնազավթում էին ՀՀ տարածքների նկատմամբ, էլ ի՞նչ նոր սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի համար»,-ասաց Աբրահամյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ անհասկանալի է՝ ինչու՞ այդ ռազմական գործողություններից 3 օր անց որևէ տեղեկություն չկա մեր մոտ երկու տասնյակ մեր զինծառայողների մասին, որոնք անհետ կորած են համարվում.
«Մարտական գործողությունները տեղի են ունեցել ոչ մեծ հատվածում, դրանք լայնամասշտաբ բնույթ չեն կրել, կրակի ինտենսիվությունն այնքան մեծ չի եղել, որի արդյունքում մենք 2-3 օր մեր զինծառայողների մասին չկարողանայինք որևէ տեղեկություն ունենալ: Բավականին մտահոգիչ է նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակաված տեսանյութերը՝ մեր զինվորներին խոշտանգումների և բռնությունների ենթարկելու վերաբերյալ: Ակնհայտ է, որ նրանց ֆիզիկական գոյություն առումով՝ ունենք խնդրահարույց իրավիճակ»,-ասաց Աբրահամյանը և ընդգծեց՝ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի գերեվարված զինվորների հրատապ հայրենադարձումը:
Ըստ պատգամավորի՝ իշխանությունը տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով փորձում է ՀՀ տարածքների օկուպացիան երկրորդ պլան մղել: