
Էրդողանի նստավայրը նկարած զբոսաշրջիկներին բանտից ազատել են ու Իսրայել են ուղարկում

Իսրայելի քաղաքացիներ Նատալի եւ Մորդի Օկնինները, ովքեր անցյալ շաբաթ ձերբակալվել էին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրի լուսանկարի համար, ազատ են արձակվել թուրքական բանտից եւ վերադառնում են տուն։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Թուրքիայի հետ համատեղ ջանքերի արդյունքում Մորդի եւ Նատալի Օկնիններն ազատվել են բանտից եւ մեկնում են Իսրայել։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը եւ արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը շնորհակալություն են հայտնել Թուրքիայի նախագահին եւ նրա կառավարությանը համագործակցության համար եւ անհամբերությամբ սպասում են զույգին հայրենիքում ողջունելու հնարավորությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նոյեմբերի 15-ին Լապիդը հայտնել էր, որ Իսրայելն ակտիվորեն զբաղվում է Թուրքիայում ամուսնական զույգի ազատ արձակման հարցով։ Մեկ օր առաջ կառավարության ամենշաբաթյա նիստին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ասել էր, որ Նատալին եւ Մորդին անմեղ են։
Ըստ Yedioth Ahronoth թերթի` թուրքական դատարանը նոյեմբերի 12-ին իսրայելցի մի զույգի էր ձերբակալել՝ Ստամբուլի հեռահաղորդակցության աշտարակի դիտահարթակից Էրդողանի նստավայրը լուսանկարելու համար։