Ով էլ լինի պաշտպանության նախարարը, միեւնույնն է՝ մեկ անձի կամքն է կատարելու. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, եւ այն քաղաքական թիմի անդամ պետք է զբաղեցնի, որը կառավարման փորձառություն պետք է ունենա, ինչը նշանակում է, որ տվյալ անձն օրենսդիրում եւ գործադիրում պետք է տիրապետի այն բոլոր աստիճաններին, որոնցով նա աշխատանքային աճ է ունենում եւ աշխատելու փորձ ձեռք բերում: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արշակ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելու վարչապետի որոշումներին:
«2018թ. սկսած քանի անգամ են նման պաշտոններում փոփոխություններ կատարվել, եւ անհաջողությունների հիմքում այդ պաշտոնյաների արագ փոփոխություններն են եղել, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք տիրապետել տվյալ անձանց առջեւ դրված ոլորտային խնդիրներին: Մեր պետությունում մեկ անձի կողմից է կառավարումն իրականացվում, կարեւորը կառավարության ղեկավարի պաշտոնն է, որում այժմ Նիկոլ Փաշինյանն է գտնվում, եւ ով էլ լինի պաշտպանության նախարարը, միեւնույնն է՝ մեկ անձի կարգադրություններն ու կամքն է կատարելու, չեմ կարծում, թե շատ կարճ ժամանակում կարող են այդ համակարգում փոփոխություններ կատարվել»,- նշեց Օհանյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի՝ այսօր հրավիրված նիստում հայտարարել էր, որ Արշակ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության արդյունքում: Հարցին՝ որոնք կարող են լինել պաշտպանության նախարարի պաշտոնանկության պատճառները, Օհանյանը չբացառեց սահմանային առկա լարվածությունը:
«Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու պատճառների մասին պետք է հարցնել այսօր կառավարության աթոռին նստած անձնավորությանը, որովհետեւ նա է այդ տեղեկատվությանը խորությամբ տիրապետում: Հաշվի առնելով սահմանային առկա լարվածությունը՝ կարծում եմ, որ դա է նաեւ ազդել պաշտպանության նախարարի արագ փոփոխության վրա»,- նկատեց Օհանյանը:
Մանրամասները՝ կայքում: