Առաջիկա օրերին արմատական փոփոխություններ են սպասվում թե՛ ՊՆ-ում, թե՛ Գլխավոր շտաբում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երեկ իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Նա պաշտոնավարեց ընդամենը երեք ամսից մի փոքր ավելի: Օրվա ընթացքում տարբեր վարկածներ էին շրջանառվում Կարապետյանի պաշտոնանկության հետ կապված, այդ թվում՝ Արցախ այցելելը, նահանջի հրաման տալուց հրաժարվելը, իշխանության՝ հակառուսականության ծրագրի նոր «սերիան» և այլն: Նախագահի հրամանագրով պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
 

«Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու, և փոփոխությունները սրանով չեն ավարտվի։ Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ուղղակի պատեպատ է տվել բոլորին, այդ թվում՝ իրավապահ մարմինների ղեկավարներին, որոնց հանձնարարել է մի քանի անգամ ուժեղացնել պետական ապարատի վերահսկողությունը, որպեսզի ավելորդ «լ յապեր» չլինեն։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, առաջիկա օրերին արմատական փոփոխություններ են սպասվում թե՛ ՊՆ-ում, թե՛ Գլխավոր շտաբում։ Չի բացառվում, որ փոփոխություններ լինեն պետական այլ կառույցներում ևս:
 

Ըստ կառավարության աղբյուրների՝ Փաշինյանի նման պահվածքի պատճառները մի քանիսն են և չեն սահմանափակվում միայն նախօրեին սահմանին տեղի ունեցածով: Մասնավորաբար, ի թիվս այլ պատճառների, առկա են ստեղծված կացության մեջ «քավության նոխազներ» նշանակելու և պատասխանատվությունն իրենից հնարավորինս հեռացնելու հերթական փորձի գործոնը, ինչպես նաև առաջիկայում սպասվելիք գրավոր ու բանավոր համաձայնությունների ձեռքբերման պարագայում իրեն հարմար ու խնդիրներ չառաջացնող, չհակաճառող «ռասկլադ» ձևավորելու հանգամանքը»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն