Ժողովուրդը թող ոտքի կանգնի և սրանց դուրս շպրտի, սրանք մեր երկիրը տանում են պարտությունների շարանի․ Օհանյան

Տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ սա անգրագիտության և միտումնավոր գործունեության շարունակությունն է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Սուրեն Պապիկյանի՝ ՊՆ նախարար նշանակվելուն:

Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ սա քաղաքական հերթական նշանակումն էր, որն արվել է սահմանային իրավիճակից ելնելով.

 

«Ես Սուրեն Պապիկյանի ընդունակությունները չգիտեմ, բայց սա քաղաքական նշանակում էր: Այս նշանակումն իրականացվել է՝ իրադրությունից և սահմանային իրավիճակից ելնելով, այսօրվա իշխանությունները մեր հանրությանը պետք է ներկայացնեն իրավիճակը և փարատեն այն մտահոգությունները, որ ունի ժողովուրդը: Այս քաղաքական թիմը երկիրը մտցրել է պատերազմի մեջ և բանակի նկատմամբ ռազմավարությունն իջեցրել է կենցաղային մակարդակի, բանակի շուրջ միայն PR-ով է զբաղվել: Այս քաղաքական թիմը պատերազմի ժամանակ ոչինչ չի արել, որ բանակին թիկունք կազմեն, ընդ որում՝ հենց այն նախարարությունը, որ Սուրեն Պապիկյանն է ղեկավարել, պարտավոր էր ինժեներական և կահավորման աշխատանքներ կատարե, աջակցել բանակին, սակայն չի կատարել»,-մեզ հետ զրույցում ասաց Ս.Օհանյանը:

Հարցին՝ արդյո՞ք այս կարևոր պաշտոնին ոչ փորձառու մեկին նշանակելը՝ բանակը թուլացնելու ուղղությամբ հերթական քայլը չէր, Սեյրան Օհանյանն ասաց.

«Եթե դա այդպես է , տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ սա և՛ անգրագիտություն և՛ միտումնավոր գործունեության շարունակությունն է, եթե այդպես է , ապա սա հանցագործություն է սեփական ժողովրդի և սեփական բանակի նկատմամբ, սրանցից ամեն ինչ սպասելի է»,-ասաց պատգամավորը:

ՊՆ նախկին նախարարի համոզմամբ՝ այս նշանակումը խոսում է նաև կադրային սովի մասին, որն այսօր կա իշխող քաղաքական թիմում.

«Քաղաքական թիմը պետք է ունենա կադրային այն մեծ բանակը, որով կարող է կադրային փոփոխություններ իրականացնել, եթե ինքն իր թիմում չունի նման մարդիկ, ապա այդտեղ կարելի է ընդգրկել մեր ժողովրդի յուրաքանչյուր խավից կամ քաղաքական թիմից համապատասխան մարդու, բայց կարևոր պաշտոններից նշանակել մարդիկ, որոնք ճանապարհ չեն անցել, չգիտեն՝ ինչ է համակարգը, կառավարման փորձառություն չունեն՝հատկապես ռազմական և անվտանգային ոլորտում, ճիշտ չէ»,-ասաց նա:

Զրույցի վերջում ՊՆ նախկին նախարարը նաև շեշտեց. «Ժողովուրդը թող ոտքի կանգնի և սրանց դուրս շպրտի, սրանք մեր երկիրը տանում են պարտությունների շարանի և ինքնիշխանության կորստի»:

Քաղաքականություն

Պատահարներ