Թիկունքից օգնություն կգա՞, հրետանին կաշխատի՞, ի՞նչ դիմադրության մասին է խոսքը․ Կարեն Հովհաննիսյան

Հայտարարություները իրենցից ոչինչ չեն ներկայացնում և շատ ավելի մեղմ են, քան իրականությունն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի գործողությունների մասին ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարությանը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ:

«ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում»,–ասված է հայտարարության մեջ։

 

Կարեն Հովհաննիսյանը նկատեց, որ համացանցում տարածված տեսանյութում իրավիճակը այլ է, և նոյեմբերի 9-ից հետո ՀՀ պետական մարմինների կողմից հայտարարությունները միանշանակ չեն ընդունվում։

«Իրավիճակը բավականին բարդ և լարված է, քանի որ նման գործողություններ չպետք է տեղի ունենային նոյեմբերի 9-ից հետո, բայց արի ու տես, որ տեղի են ունենում»,-ասաց նա և նշեց, որ բարդ իրավիճակի մասին խոսում է նաև ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը։

«Ներքին քաղաքական կյանքն էլ ճգժանամային է, ինչից օգտվում է թշնամին»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է խնդրին համարժեք պատասխան տալուն, Կարեն Հովհաննիսյանը կարևորեց հարցին իրավական ճանապարհով անդրադառնալը:

«Ոչ թե հայկական կողմը պետք է ռազմական ճանապարհով գնա՝ լուծելու հարցը, այլ պետք է իրավական դաշտ տանի, որը չի կատարվում։ Այսինքն՝ Ալիևի գործողություները, հակահայկական, հայատյաց հայտարարությունները, ռազմական հանցագործությունները, արգելված զենքերի օգտագործումները, բոլորը պետք է տանել իրավական դաշտ և միջագային հանրությունում Ադրբեջնանին փորձել պատասխանատվության ենթարկել»,-ասաց նա։

 

Խոսելով ադրբեջանական գործողություններին դիմադրության անհրաժեշտության մասին՝ Հովհաննիսյանը նշեց․ «Եթե մենք վստահ չենք, որ թիկունքից կգան օգնության, ի՞նչ դիմադրության մասին է խոսքը։ Եթե վստահ չենք, որ հրետանին կաշխատի, որ մեզ օգնություն ցույց կտան տասը րոպեից, ուրեմն չպետք է մտածենք, թե ավտոմատով ինչու չկրակեցին, պետք է հասկանալ, թե դրանից հետո ինչ կլինի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Պն–ն ևս տարածել էր հայտարարություն, ըստ որի նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն, հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։

Քաղաքականություն

Պատահարներ