
Որ դեպքում Ռուսաստանը կներգրավվի. ռուս փորձագետը` Հայաստնի սահմաններին առկա լարվածության մասին

Եթե Հայաստանի տարածքում իրական ռազմական գործողություններ սկսվեն և Ադրբեջանը ներխուժի դրա տարածք, Ռուսաստանը, Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն, պետք է պաշտպանի երկիրը, հայտարարել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը։
«Լենտա.ռու»-ի հետ զրույցում նա հավելել է, որ չի բացառվում Ռուսաստանին բաց առճակատման մեջ ներքաշելուն ուղղված սադրանքի տարբերակը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը ներխուժել է երկիր սահմանի հատվածներից մեկը։
Սիվկովը նշել է, որ այս պահին անհրաժեշտ է սպասել լրացուցիչ տեղեկությունների՝ հասկանալու համար, թե կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել արտակարգ դեպքը։
«Եթե ադրբեջանական զորքերն իսկապես ներխուժեն Հայաստանի տարածք, ապա երկիրը պետք է դիմի ՀԱՊԿ, և Ռուսաստանը կպաշտպանի իրեն։ Բայց պետք է նաեւ հասկանալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել եւ որ տարածքում»,- նշել է փորձագետը։ Նրա խոսքով` եթե խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը Սյունիքի մարզում որոշ տարածքներ է զբաղեցրել, ապա «այդ հարցը վաղուց կա»։
«Բայց Փաշինյանն այս թեմայով դեռ ոչինչ չի ասել։ Ամեն դեպքում, նրանից ամեն բան կարելի է սպասել»,- հավելել է փորձագետը:
Սիվկովը հիշեցրել է, որ Փաշինյանն «ԱՄՆ-ի կողմից կիցքավորված» գործիչ է, ուստի չի բացառվում, որ որ տեղի ունեցողը Ռուսաստանի ներգրավմամբ հայ-ադրբեջանական հակամարտություն սանձազերծելու փորձ է։ Նման սցենարը ձեռնտու կլիներ անձամբ վարչապետին, քանի որ ռազմական հակամարտությունը կօգնի նրան ջնջել իր սեփական ներքին տնտեսական ձախողումները։
«Չեմ բացառում, որ Վրաստանի մասնակցությամբ որոշ հակամարտություններ սկսվեն, հնարավոր են նաեւ այլ սադրանքներ։ Պարտադիր չէ, իհարկե, որ այս ամենը տեղի ունենա, բայց այդպիսի հավանականությունը լիովին բացառել եւս չի կարելի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ճնշման տակ է, նա հեշտությամբ կարող է կոնֆլիկտ բորբոքել, իսկ Փաշինյանը հաճույքով կօգնի նրան»,- եզրափակել է Սիվկովը։