ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վեց գյուղ կտրվում է, սկսվել է նոր ճանապարահների կառուցում. Փարսյան

Վեց գյուղ կտրվում է. 7-8 կմ-ի փոխարեն 150 կմ պետք է Մեղրի քշել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում ադրբեջանական անցակետ տեղադրելուն։ 


«Մեր գյուղացիները այդքան ճանապարհ պիտի անցնեն, որ հասնեն Կապան։ Միակ այլընտրանքային ճանապարհը, որը կառուցված է 90-ականներին դա անտառամիջյան ծանր, դժվարանցանելի ճանապարհն է, որի վրա պետք է մեծ աշխատանք տարվի։ Մեծ խնդիր է, վաղվանից պետք է մտածենք 6 գյուղական բնակավայրերի բնակիչների մասին»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նպատակահարմար կլինի, որ բնակիչները նույն ճանապարհով երթևեկեն և անցնեն ադրբեջանական մաքսակետով, ապա Փարսյանն ասաց, որ դրա մասին պետք է  լրացուցիչ խոսել, անվտանգության հետ կապված հարցերից կախված կլինի։

Գևորգ Փարսյան նաև նշեց, որ այդ գյուղերի պարենային խնդիրը կլուծվի, քանի որ նշված երկար ճանապարհը կա, իսկ կարճ ճանապարհը Գեղանուշ համայնքով ճանապարհն է, որը շատ վատ  վիճակում է, այնտեղ շինարարական աշխատանքները մեկնարկել են, միայն այն բանից հետո, երբ Որոտանի հատվածում ադրբեջանական մաքսակետ դրվեց։

Կապանի քաղաքապետը մանրամասնեց, որ խնդրի առաջ է կանգնում ոչ միայն Ճակատենը, այլ 5 բնակավայր ևս։ «Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերդ, Սրաշեն համայնքները, մոտ 600-700 բնակիչ կա»,-մանրամասնեց նա։

Քաղաքականություն