ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում «հայրենասեր» ադրբեջանցին ներողություն է խնդրել նոյեմբերի 9-ին պատուհանից 30 կրակոց արձակելու համար. Wargonzo

Ադրբեջանցի 23-ամյա Թամերլան Իսմաիլովը ներողություն է խնդրել Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքի բնակիչներից ոչ մարտական փամփուշտներով կրակոցներ արձակելու համար: Այս մասին գրում է Wargonzo-ն, որը նաև հրապարակել է երիտասարդի մասնակցությամբ տեսագրությունը:

 

Վերջինս նոյեմբերի 9-ին Ալեա Տրուդա փողոցի բազմաբնակարան շենքի պատուհանից արձակել էր 30 դատարկ կրակոց: Կարելի է ենթադրել, որ ադրբեջանցի երիտասարդը որոշել էր այսկերպ հրավառություն կազմակերպել՝ ի պատիվ Ղարաբաղում Ալիևի «հաղթանակի»։

 

Տեղի ոստիկանները, սակայն, նրան չեն հասկացել: Վերջինս բերման է ենթարկվել: Արդեն պահման վայրում «ադրբեջանցի հայրենասերը հասկացել է ամեն ինչ, խոստովանական տեսագրություն արել, ոչ մարտական զենքն էլ հանձնել աշխատակիցներին։ Բացի այդ, իրավապահները նախատեսում են չեղարկել նրա՝ զենք պահելու և կրելու թույլտվությունը»,- գրում է Wargonzo-ն:

Կարևոր է նշել, որ Թամերլանի հայրը՝ Բախտիար Ադիլ օղլու Իսմայիլովը, ըստ հետաքննության, նույնպես օրինապահ քաղաքացի չէ։ Հաղորդվում է, որ նա կասկածվում է կեղծ ալկոհոլային արտադրանք վաճառելու մեջ։

Քաղաքականություն