ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Սաակաշվիլիին ստիպելով տեղափոխում բանտային հիվանդանոց
Վրաստանում հրապարակել են երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին՝ բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերը։ Նշվում է, որ այն հրապարակվել է՝ ելնելով «հանրային մեծ հետաքրքրությունից», հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Ծառայությունը նշում է, որ հիվանդասենյակ տեղափոխելիս եւ ստուգելիս Սաակաշվիլին «ֆիզիկական բռնություն է գործադրել անձնակազմի նկատմամբ եւ վնասել բժշկական սարքավորումները», ինչի կապակցությամբ Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը հետաքննություն է անցկացնում։ Նրան տեղափոխել են բանտային հիվանդանոց նոյեմբերի 8-ին։
Ինքը՝ Սաակաշվիլին, ասել է, որ իրեն վստահեցրել են, որ իրեն քաղաքացիական կլինիկա են տեղափոխել Ռուսթավիի թիվ 12 բանտից, որտեղ նա գտնվում էր հոկտեմբերի 1-ից։ Նրա խոսքով՝ երբ հասկացել է, որ իրեն տեղափոխել են թիվ 18 բանտում գտնվող հիվանդանոց, հրաժարվել է իջնել մեքենայից, ինչից հետո իրեն «գցել են գետնին, քաշքշել մազերից եւ երկու անգամ հարվածել պարանոցին»։