
Բաստայի համերգին չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները. տուգանվել է համերգը կազմակերպող

2021 թվականի սեպտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ռուսաստանցի երաժիշտ Բաստայի համերգի ժամանակ միջոցառման կազմակերպիչ «ՍՈԼԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը, մասնավորապես՝ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փաստի կապակցությամբ հարուցել է վարչական վարույթ և, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով, որոշվել է «ՍՈԼԱՐՏ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար ենթարկել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100 հազար դրամ) չափով վարչական տույժի: