«Ադրբեջանցի օգտատերերի հետ երկխոսություն չվարել». ինչ է հորդորում Սամվել Մարտիրոսյանը

Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը երբեք էլ չի դադարել։ Դա պատերազմ է, որը Ադրբեջանը վարում է տարբեր մեթոդներով` գերիներին չվերադարձնելուց մինչև պարբերաբար սահմանային, տեղեկատվական լարվածություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանցիների կողմից արցախցիներին ահաբեկելու գործողություններին։

 

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարից հետո անգամ Ադրբեջանը չդադարեցրեց հայկական տեղեկատվական, լրատվական կայքերի վրա հարձակումները, դրանք մի քանի ամիս շարունակվում էին։ Մարտիրոսյանի կարծիքով` ակնկալել, որ պետական մակարդակով իրականացվող ադրբեջանական տեղեկատվական սադրանքները մոտակա ժամանակահատվածում կարող են դադարել` առնվազն միամտություն է։

«Նրանք այդկերպ փորձում ե նպահել լարվածությունը, վախի ու անհանգստության մթնոլորտ ստեղծել և այնպես անել, որ Արցախում բնակչությունը նվազի»,- ասաց նա։ Փորձագետն արցախահայությանը հորդորում է լուրջ չվերաբերել սոցցանցերով տարածվող սպառնալիքներին, ադրբեջանցի օգտատերերի հետ երկխոսություն չվարել, արգելափակել նրանց, բողոքարկել իրենց սպառնացող օգտահաշիվները։

«Պետք է հասկանալ, որ դա մեր դեմ վարվող տեղեկատվական պատերազմի մաս է կազմում և թույլ չտալ, որ այդ ամենը մեզ վրա հոգեբանորեն ազդեցություն ունենա»,- նշեց Մարտիրոսյանը։

 

Թե ինչ են մտածում խնդրի մասին Հայաստանի և Արցախի իշխանությունները, Մարտիրոսյանը տեղեկություններ չունի։ Ասում է` հնարավոր է, որ ինչ-ինչ քայլեր ձեռնարկվում են, սակայն այդ համակարգված մարտահրավերի դեմ պետական ռազմավարություն է պետք, որը դեռևս տեսանելի չէ։

 

Հիշեցնենք, որ երեկ Արցախի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ ադրբեջանցիների կողմից արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ են ստացել։ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Արցախի քաղաքացուն սպանության, հաշվեհարդարի սպառնալիքներ են ուղղել։

Քաղաքականություն