
Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինելու. ապացույցը՝ Շուշիի մերձակայքում հայ երիտասարդի սպանությունն է. Թևան Պողոսյան

Առաջին օրվանից եմ ասել, որ Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինելու։ Եթե որևէ մեկին պետք է դա իմանալ, թող վերցնի Ալիևի երեկվա ելույթը և Շուշիի մերձակայքում ադրբեջանցիների կողմից հայ երիտասարդի սպանության դեպքը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
«Նախօրեի իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ադրբեջանցիները 365 օրվանից 300-ը կրակել են։ Նա նաև ասաց, որ խաղաղության օրակարգը չի նշանակում՝ մեզ սպանեն, պետք է լռենք։ Դե հիմա կտեսնենք՝ կլռեն, թե կխոսեն։
Բայց մենք ինչի՞ վրա ենք հույս դրել։ Չէ՞ որ այս իշխանությունը ձևավորվեց հունիսի 20-ին, և այդ օրը, երբ որոշ մարդիկ գնում էին ընտրության, մտածում էին՝ թուրքը փոխվե՞լ է, որ գնում, պարտված իշխանությանն էին ընտրում։ Դա, ցավոք սրտի, նշանակում է, որ հայ ազգը՝ հատկապես նրանք, ովքեր գնացին և կողմ քվեարկեցին այդ օրակարգին, պարզապես չեն տիրապետում, թե ով է իր թշնամին, ովքեր են իրենց հարևանները։
Այդ մարդիկ կամ պատմության դասագրքեր չեն կարդացել, կամ լավ չեն պատկերացնում Ցեղասպանությունը, կամ չգիտեն, որ տեղի են ունեցել Սումգայիթի, Կիրովաբաթի, Բաքվի ջարդեր, 1991-1994 թվականների վայրագություններ։ Այդ մարդիկ, երևի, Ռամիլ Սաֆարովի՝ կացնով հայ սպային գլխատելը խաղաղության նշան են ընկալում կամ միգուցե պատկերացնում էին, որ Գուրգեն Մարգարյանը պետք է վերջին զոհը լինի», - ասաց Թևան Պողոսյանը։
Քաղաքագետը չի պատկերացնում, թե երբ է հայ ազգը գիտակցելու հայրենակցի, երկրի անվտանգության պատիվը։
«Այսօրվա դրությամբ չկա հանրային պահանջ, որ Մարտիկի (նկատի ունի Շուշիի մերձակայքում երեկ ադրբեջանցիների կրակոցից սպանված Մարտիկ Երեմյանին՝ խմբ.) պատվի համար վրեժխնդրություն և պատիժ պահանջենք, այլ ոչ թե պարզապես դատապարտող հայտարարություններ տարածենք։ Պետք է լինի գիտակցում, որ դու պետք է պատժես, որովհետև որևէ մեկը չի գնալու, ադրբեջանցու ձեռքը բռնի։ Պետք է սեփական ուժերին ապավինել։
Եթե հայ ազգի մեջ արթնանա հայրենիքի նկատմամբ սերը, անվտանգության և հայրենակցի համար արժանապատվություն զգացումը, միգուցե ինչ-որ բաներ կսկեն փոխվել։ Եթե ոչ, ունենք այն, ինչ ունենք», - ամփոփեց խոսքը Թևան Պողոսյանը։