ՍՊՈՐՏ. Ըմբիշների աշխարհի առաջնությունում հաղթանակներ գրանցեցինք
Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ ազատոճային Վազգեն Թևանյանը 70 կգ քաշայինների եզրափակիչում 2։10 հաշվով պարտվեց Ղրղզստանի ներկայացուցիչ Էրնազար Ակմատիլևին և դարձավ փոխչեմպիոն։
Թևանյանը մինչև եզրափակիչ հասնելը առավելության էր հասել Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևի, ուզբեկ Բեգիջոն Կուլդաշևի, թուրք Չունեյթ Բուդակի և մոլդովացի Նիկոլայ Գրահմեզի նկատմամբ։
Մանվել Խնձրցյանը (57 կգ) բացարձակ առավելությամբ, ժամանակից շուտ հաղթանակի հասավ հնդիկ Սաուրաբ Իգավեյի նկատմամբ ու դարձավ բրոնզե մեդալակիր։
Հրաչյա Մարգարյանը 65 կգ կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում թուրք Քավիտ Աքարին պարտվեց գոտեմարտի վերջին վայրկյաններին:
79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը, հասնելով կիսաեզրափակիչ, պարտվեց թուրք Ռամազան Սարիին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշի մրցակիցը վրացի Գոգա Մամիաուրին էր։ Գոտեմարտի ընթացքում Ավագյանը պարտվում էր 0։4 հաշվով, բայց վերջին վայրկյանին կորզեց բրոնզե հաղթանակը։
Աշխարհի առաջնությունում մեր ազատոճայինները հաստատ կթարմացնեն մեր ընտրանու արդյունքները։ 61կգ քաշային կարգում եզրափակիչում Արսեն Հարությունյանը գոտեմարտելու է ռուսաստանցի Արթուր Չեբոդաևի հետ։ 74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը գոտեմարտելու է երրորդ տեղի համար։ 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը փորձելու է սփոփիչ գոտեմարտերի միջոցով պայքար մղել բրոնզե մեդալի համար, նույնը վերաբերվում է նաև գերծանր քաշային Մարտին Սիմոնյանին։
Նշենք, որ աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում ազատոճայինները պայքարը սկսել են նոյեմբերի 5-ին։