
ԱԹՍ-ի միջոցով Իրաքի վարչապետի նկատմամբ մահափորձ է կատարվել

Հրթիռը հարվածել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի նստավայրին, նա չի տուժել, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով անվտանգության կառույցների աղբյուրները։
INA գործակալությունը, վկայակոչելով Իրաքի անվտանգության մարմիններին, հայտնել է, որ վարչապետի դեմ «անհաջող մահափորձ» է իրականացվել՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք։ Ալ-Քազեմին չի տուժել, «Անվտանգության ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ»,- ասվում է Իրաքի անվտանգության մարմինների մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը մեջբերում է INA-ն։
Arab News-ը նույնպես հաստատում է, որ հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով։ Իսկ Shafaq գործակալությունը, հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրին, հայտնում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել են վարչապետի անվտանգության աշխատակիցներից երեքը։
Կանաչ գոտու տարածքում, որտեղ գտնվում են ԱՄՆ դեսպանատունը և այլ դիվանագիտական ներկայացուցչություններ, հարձակման ժամանակ «ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել»։
Իրաքում իրավիճակը սրվել է հոկտեմբերի 10-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում, նախնական տվյալներով, հաղթել է շիա ազդեցիկ քաղաքական գործիչ Մոթադա ալ-Սադրի դաշինքը։
Հադի ալ-Ամիրի գլխավորած «Ալ Ֆաթահ» կոալիցիան ունի ընդամենը 21 մանդատ, մինչդեռ 2018 թվականի ընտրություններում այն ուներ 45 տեղ խորհրդարանում։ Կոալիցիան բողոք է ներկայացրել՝ պահանջելով վերանայել քվեարկության արդյունքները, նրա հարյուրավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են անցկացնում Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտու» տարածքում, որտեղ տեղակայված են պետական կառույցներն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը դեռ չի հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները։