Արաքսի ափից մինչև Քարվաճառ Արայիկ Հարությունյանինն է եղել. արցախցիները բողոքի են դուրս եկել

Արցախից ասում են՝ դուք բնակարան ստեղ եք կորցրել, մենք ձեզ այստեղ՝ Արցախում, պիտի բնակարանով ապահովենք, բայց այդպես չի լինում, կան մի շարք հարցեր։ Այս մասին քիչ առաջ կառավարության մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախից տեղահանվածներից մեկը։


 

«2016 թվականի պատերազմից հետո նույն այս բնակարանների ծրագրի շրջանակում Թալիշում մարդկանց բնակարաններ տվեցին, ահռելի գումարներ ծախսեցին, մարդիկ գնացին ապրելու այնտեղ , բայց այսօր, ինչպես գիտեք, Թալիշը թուրքի ձեռն է, բա հիմա մենք ինչ երաշխիք ունենանք։ Կառավարությունից անգամ չեն էլ մեզ հետ կապվում, բացարձակապես չեն ուզում լսել մեր կարծիքը»,- ասաց ակցիայի մասնակիցը, որը նաեւ բողոքեց Արցախում տիրող սոցիալական անարդարությունից, մասնավորապես անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

 

Քաղաքացիները նշում են, որ այսօր  դիմելու են ՄԱԿ-ի գրասենյակ ու Ֆրանսիայի դեսպանատուն։ 

 

«Նա, կարելի է ասել, համ հին է, համ նոր է։ Սոցիալական անարդարությունը էն ա, որ մարդկանց առանձին- առանձին կանչում են ու անհատական հարցերը լուծում։ Արաքսի ափից մինչեւ Քարվաճառ, սաղ Արայիկ Հարությունյանինն է եղել։ Արտերը իրանն է եղել, խաղողի այգիները՝ իրանը, ամեն ինչը նրանն է եղել։ Էլ սոցիալական անարդարությունը բա ոնց է լինում»,- ասաց նա։

 

Հիշեցնենք՝ նրանք ակցիա են անում, պահանջում, որպեսզի բնակարանների ծրագիրն իրականացնելիս, տուն տրամադրելիս, իրենց կարծիքը հաշվի առնվի։ Հիմնականում չեն ուզում վերադառնալ, անվտանգության առումով խնդիր են տեսնում ու ավելի կոնկրետ իրենց պնդումը հիմնավորում են նրանով ,թե Արցախը կրկին չունի կարգավիճակ ու այս առումով ասում են՝ ամեն ինչ անորոշ է։

 

Քաղաքականություն