Օրվա լրահոս

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում հանդիպել եմ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին հաղորդում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 

Գրիգորյանը գրում է՝ հանդիպման սկզբում ողջունելով իմ ռուս գործընկերոջը՝ ընդգծեցի, որ երկկողմ հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ինչպես երկու երկրների անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև փոխգործակցության խորացման, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգային ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրվածության մասին:

Այնուհետև քննարկեցինք Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում ռուս գործընկերոջս ներկայացրեցի դեռ մայիս ամսից Հայաստանի սուվերեն տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկաացած դրսևորում անընդունելի է՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը:

 

Խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հնարավորության մասին՝ ընդգծեցի, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է « խաղաղության դարաշրջանի մասին, որը կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը:

Նիկոլայ Պատրուշևը նույնպես կարևորեց ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը, ընդգծելով, որ վերջինս հնարավորություն կտա ապահովել տարածաշրջանում կայուն խաղաղություն:

Զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր: Եվս մեկ անգամ շեշտեցի, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, մինչդեռ ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարում իր այդ պարտավորությունը ամբողջությամբ՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա բոլոր հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը հայրենիք:

Իր խոսքում Նիկոլայ Պատրուշևը անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին, այս հարցում կարևորեց Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:

Վերջին նորություններ