Չպետք է ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը բարդվի բացառապես Ռուսաստանի վրա․ ՌԴ սենատոր
Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն բան ԼՂ–ում իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար, բայց միամիտ է կարծել, որ նա կլուծի բոլոր հարցերը և միանգամից։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում կազմակերպած տեսակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը։
«Ես չէի ցանկանա, որ ԼՂ–ում իրավիճակի պատասխանատվությունը բարդվի բացառապես Ռուսաստանի վրա։ Այդ մոտեցումը խանգարում է տրամաբանորեն դատելուն և խելամիտ որոշումներ կայացնելուն։ ԼՂ–ում իրավիճակը այսօր չի ստեղծվել, և Ռուսաստանի պատասխանատվությունը համեմատել չի կարելի հակամարտության այդ գոտու մյուս կողմերի պատասխանատվության հետ»,– ասել է սենատորը։
Նրա խոսքով` Մոսկվան ամենից քիչն է շահագրգռված սեփական սահմանների մոտ պատերազմով, իսկ անցած տարի հենց Ռուսաստանն է արագության և արդյունավետության առումով աննախադեպ միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու հարցում։ Եվ այն, որ այսօր այնտեղ պատերազմ չկա, 99,9%–ով Մոսկվայի վաստակն է, ընդգծել է սենատորը։
Հարցին, թե արդյոք Ղարաբաղում ապրող և պատերազմի ժամանակ և հետո այնտեղից մեկնած ՌԴ քաղաքացիների թվի վերաբերյալ տվյալներ կան, Կլիմովը հայտարարել է, որ կոնկրետ վիճակագրություն չկա։ Այնուամենայնիվ, նա գիտի, որ Ղարաբաղում` իրենց ռուս համարող շուրջ 1500 մարդ է բնակվում։ Հակամարտությունից առաջ նրանց թիվն ավելի մեծ էր։
«Ձեռքը սրտին դնելով ասենք, որ Հայաստանում կամ Ադրբեջանում այսօր ոչ ոք չգիտի, թե ով, որտեղ և ինչ թվով է գտնվում։ Բայց դա չէ կարևոր։ Կարևորը, որ խաղաղությունն իրական լինի, որպեսզի պայմանավորվածությունները կատարվեն ողջ ծավալով»,–կարծում է ՌԴ քաղաքական գործիչը։
Կլիմովը փաստում է, որ այդ պայմանավորվածությունների վերաբերյալ դժգոհություններ կան, այնուամենայնիվ, անհրաժեշտ է լուծել հետպատերազմյան խնդիրները. դրանք և՛ գերեվերված անձանց, և՛ ականապատ դաշտերի հետ կապված խնդիրներն են։
Ինչ վերաբերում է ԼՂ–ում ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա, ըստ քաղաքական գործչի, զորակազմը կմնա այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ պետք է։ Կլիմովը վստահեցրել է, որ Ռուսաստանը օբյեկտիվորեն շահագրգռված է սեփական սահմանների երկայնքով խաղաղության պահպանման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր պատճառը, որ Կոսոբոկովը ինքը ներկայացավ Հայաստան, իսկ Բաքվում նրան ներկայացրեց Մուրադովը․ քաղաքական մեկնաբան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Կոսոբովոկի և Մուրադովի Ադրբեջա...
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
«Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզնից գոմ են վարձակալել»․ պատգամավորը ցուցադրեց Ջհանգիրյանի տան լուսանկարը
«Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Երևանի հայտնի թաղամասում առանձնատուն եք կառուցել և որի գինը նվազեցնելու համար այն գոմ ան...
«Այդ շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը»․ Ջհանգիրյանը՝ որդու համար 600 000 դոլարով տուն գնելու մասին
ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ–ում պտասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին, անդրադարձավ նաև լուրերին, թե այդ պաշտ...