Նախարարը՝ պետպատվերով բուժումները սառեցնելու մասին

Հստակ ձևակերպվում է, թե տվյալ բժշկական կազմակերպությունը ինչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի և ԲԿ-ները պետք է ամեն ինչ անեն՝ փորձելու մնալ այդ շրջանակային պայմանագրային գումարների մեջ, որովհետև բոլորս հասկանում ենք, որ բյուջեն սահմանափակ է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պետպատվերների համար հատկացված գումարի ավարտվելուն։

 

«Մենք պետք է ունենանք հստակ կանխատեսում և դիսցիպլին բյուջետային միջոցները իրականացնելու։ Տարվա կեսին ուղարկվել է գրություն, որպեսզի ԲԿ-ները մնան իրենց պայմանագրային գումարների շրջանակներում և դիմելության հոսքից կախված՝ սպասարկեն ըստ հերթագրման սկզբունքի, որը կիրառելի է, նախընտրելի է, և մենք պետք է ունենանք պլանային հետազոտությունների վիրահատական միջոցառումների ճիշտ պլանավորման մեխանիզմներ, որպեսզի տարվա ընթացքում այն անձինք, ովքեր կարիք ունեն հրատապ բժշկական օգնությամբ սպասարկվեն, սպասարկվեն այդ սկզբունքով, իսկ այն քաղաքացիները, որոնք կարող են սպասել որոշակի ժամանակ պլանային բժշկական օգնության, պետք է հերթագրման սկզբունքով անցնեն»,- ասաց նախարարը։

Նախարարը նշեց, որ նկատվում է հիվանդացության և դիմելիության աճ, և նախարարությունը բոլոր միջոցները ձեռնարկում է իր քաղաքացիների առջև ունեցած պարտավորությունները կատարելու համար։

 

Հիշեցնենք, որ Yerevan.Today լրատվականը գրել էր, որ խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդի չափով պետությունը պարտքեր է կուտակել. օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Դեռևս 2004 թվականից գործող օրենքը որոշել են ներքին կարգով դադարեցնել առժամանակ. Այս մասին ներքին կարգով գրություն է իջեցվել ԱՆ-ից:

Քաղաքականություն