
Գյուղացին ո՛չ սերմացու ունի, ո՛չ վառելիք, եթե կառավարությունը գյուղացուն օգնություն չցուցաբերի մենակ ես եմ մնալու այստեղ. սահմանամերձ Արավուսի համայնքապետ

Երեք օր առաջ Արավուսի կողմում գտնվող սահմանի ադրբեջանական հատվածում կրակ է բռնկվել, որն արագ հանգցրել են։ Սահմանի հայկական հատված այս անգամ կրակը չի հասել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Արավուսի համայնքապետ Արգամ Հովսեփյանն ասաց, որ ադրբեջանցիները վառել են սահմանի իրենց հատվածը. «Մեր արտերը, ցորենի, գարու դաշտերն այնտեղ են մնացել։ Մի երկու հեկտար վառեցին ու հետո արագ հանգցրեցին»,-նշեց Արգամ Հովսեփյանը։
Համայնքապետը նշում է, որ այս պահի դրությամբ Արավուսում իրավիճակը նորմալ է։ Կրակոցներ և այլ սադրանքներ առայժմ չկան։
Սակայն խնդրահարույց է գյուղացիների վիճակը. Համայնքում գրեթե անասուն չի մնացել։ Բոլորին վաճառել են, գյուղացիները մոտ 1-2 անասուն են պահում։ Համայնքապետն ինքն ունեցել է 65 կով, սակայն այժմ մնացել է միայն մեկը։
«65 կովից 12-ն անցել էին սահմանը, չկարողացա բերել, մնացածը վաճառել եմ։ Հավաքած գումարով էինք գնել։ Ենթադրենք, որ անասունը 400-500 հազար է եղել, կարողացել էինք էժան գնել՝ 90-100 հազարով։ Մի մասն էլ պարտքով է վերցրել, որ փողը պետք է հետո տա ու մինչև հիմա չի տվել։ Այդ վիճակում ենք հիմա»,-նշեց Արգամ Հովսեփյանը։
Վերջինս նշում է՝ 280 դրամի ցորեն էր գնել, ցանել է ու իր 22 հա տարածքն անցել է թշնամու վերահսկողության ներքո։ Համայնքապետը դիմում է կառավարությանն ու խնդրում, որ գյուղացիներին անհատույց սերմացու և վառելիք տան, հակառակ դեպքում գյուղացիները վատ վիճակում կհայտնվեն։
«Հիմա մենք որտեղի՞ց սերմացու ճարենք, վառելիք ճարենք կամ ի՞նչ միջոցներով։ Այս պահի դրությամբ բնակիչներից մեկն է միայն լքել գյուղը։ Այն էլ՝ հարսին ու երեխաներին է տեղափոխել Գորիս, իսկ իրենք դեռ շարունակում են այստեղ ապրել։ Եթե կառավարությունն օգնություն չցուցաբերի, կարելի է ասել, որ մենակ ես եմ մնալու այստեղ»,-հավելեց Արգամ Հովսեփյանը։